Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարեկան ժամաքանակների ապահովմամբ:

Պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը: Ուսումնական հաստատությունն այդ հարցը առնվազն տասնհինգօրյա ժամկետում համաձայնեցնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

Ուսումնական տարվա ընթացքում կարող են սահմանվել քննաշրջաններ: Պետական ավարտական քննությունների ժամկետները և անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ՝ հանրակրթության պետական չափորոշիչի պահանջներին համապատասխան: Պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը, այդ մասին տեղյակ պահելով պետական կառավարման լիազորված մարմնին:


Գլուխ 9.4. Հանրակրթության կառավարման մարմինների իրավասությունները

9.4.1. Հանրակրթության բնագավառում կառավարության իրավասությունները

Կրթական համակարգի կառավարումն իրենից ներկայացնում է բարդագույն, բազմանիստ և բազմագործառութային կազմակերպված գործընթաց, որում պետական իշխանության մարմինները, հասարակական ինստիտուտների հետ, տվյալ պատմական փուլում ուղղորդում են իրենց ջանքերը՝ ապահովելու հասարակության և պետության դրված նպատակներին և խնդիրներին համապատասխան կրթական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումը: Այդ գործընթացն իր մեջ ներառում է կրթության ոլորտում քաղաքականության, կրթական ոլորտի իրավական նորմատիվ ակտերի ընդունման, կրթության սուբյեկտների միջև իրավասությունների բաշխման, ինչպես նաև կառավարման գործընթացի բոլոր բաղադրիչների համաձայնեցման և այլ հարաբերություններ: Այս իմաստով կրթության ոլորտի կառավարումը համակարգված կառավարում է: Կրթության տարբեր աստիճանների մասին ՀՀ օրենքները հստակ տարանջատում են մտցրել կառավարման իրավասությունների բաշխման գործում: Ինչպես կրթության տարբեր աստիճանները, այնպես էլ հանրակրթության կառավարման իրավասությունները բաժանված են հանրապետական, մարզային, տեղական ինքնակառավարման մարմինների և ուսումնական հաստատությունների միջև:

1. ՀՀ կառավարությունը հանրակրթության բնագավառում իրականացնում է՝

1) պետական քաղաքականությունը,

2) հաստատում է հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգը,

3) հաստատում է հանրակրթության պետական չափորոշիչը,

4) հիմնադրում է ուսումնական հաստատություններ,

5) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները,

6) հաստատում է պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը,

7) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը,

8) սահմանում է պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը,

9) հաստատում է հիմնական և միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթերի ձևերը,