Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և արտոնություններից զատ, իրավունք է վերապահվում ստանալ բարձր աշխատավարձ՝ կախված կրթական հաստատության տիպից և տեսակից, ինչպես նաև կատարվող աշխատանքի բարդությունից:

Համապատասխան պաշտոնների և աշխատանքի հաջորդականությունը հաստատվում է ՀՀ Կառավարության կողմից որոշված կարգով:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառի մասնագետների պատրաստումն իրականացվում է միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում և լրացուցիչ կրթության դասընթացներում:

Պետական կրթական չափորոշիչներին համապատասխան մանկավարժական կրթության հիմնական ուսումնական ծրագրերի բովանդակությունը ներառում է հատուկ մանկավարժության հիմունքների պարտադիր նվազագույնի ուսումնասիրությունը:

Ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպող մանկավարժների աշխատանքի վարձատրության հաշվարկման ժամանակ ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն կիրառվում են արտոնյալ պայմաններ:


10.2.5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսումնական հաստատության իրավունքները և պատասխանատվությունը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց պետական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:

Այդպիսի ուսումնական հաստատությունը, իր գործունեության նպատակին համապատասխան, կարող է իրականացնել վճարովի ուսումնական, հետազոտական և գիտաարտադրական ծառայություններ ու վճարովի ուսուցում՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով:

Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:

Ուսումնական հաստատությունն ստեղծվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ: Ուսումնական հաստատությունն ստեղծված է համարվում հիմնադրի (հիմնադիրների) կողմից դրա կանոնադրությունը հաստատելու և օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից:

Ուսումնական հաստատությունն իր իրավասության շրջանակներում կազմակերպում ու իրականացնում է ընդունելության և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման, կազմակերպման և իրականացման, կադրերի ընտրության և տեղաբաշխման, գիտական, ֆինանսական, տնտեսական և այլ գործունեություն՝ ՀՀ օրենքներին, իրավական ակտերին և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է օրենքին, այլ իրավական ակտերին ու ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

Ուսումնական հաստատությունը կառավարվում է միանձնյա ղեկավարման և ինքնավարության սկզբունքների զուգորդմամբ: Ինքնակառավարման ձևեր են հանդիսանում խորհուրդը, մանկավարժական խորհուրդը, ընդհանուր ժողովը, ծնողական խորհուրդը և այլն: Ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը և իրավասությունները որոշվում է կանոնադրությամբ: Հաստատությունները ղեկավարում է տնօրենը, որն անցել է համապատասխան ատեստավորում:

Ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը, ուսումնական հաստատության խորհուրդը, ընդհանուր ժողովը, գիտական խորհուրդը, մանկավարժական խորհուրդը, գործադիր մարմինը: