Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
  • մտավոր հետամնացություն՝ թեթև, միջին, խորը,
  • հենաշարժական համակարգի խախտումներ,
  • հոգեբանական զարգացման խնդիրներ,
  • վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ,

ե/ սովորելու կարողությունները՝ ըստ բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի,

զ/երեխայի հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ (առկայության դեպքում) ախտորոշումը,

է/երեխայի հիմնական կարիքները ընտանիքի պատկերացմամբ,

ը/եզրակացություն գնահատված կարիքների վերաբերյալ,

թ/լրացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, լրացման ամսաթիվը:

Երեխաների ֆիզիկական, մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտման և գնահատման, նրանց ընդունակություններին և կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձևի ընտրության նպատակով ձևավորվում են բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոններ: Բժշկահոգեբանամանկավարժական գնահատում իրականացնող կենտրոնների նկատմամբ պահանջները և դրանց ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բժշկահոգեբանամանկավարժական գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած համապատասխան չափորոշիչների հիման վրա:


10.3.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության ձևերը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունը կարող է իրականացվել՝

ա) պետական և ոչ պետական հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ ներառական կրթության ու տնային ուսուցման ձևով,

բ) հատուկ կրթական հաստատություններում՝ հատուկ կրթության և ուսուցման ձևով,

գ) բուժական հաստատություններում (երկարատև ստացիոնար բուժման դեպքում)՝ տնային ուսուցման ձևով,

դ) օրենքով սահմանված այլ ձևերով:

Հատուկ կրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանում է ՀՀ կառավարությունը: Քննարկենք դրանք առանձին-առանձին:


10.3.2.1. Ներառական կրթություն

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 12-ի համաձայն, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման սոցիալական հարմարվածությունը և նրանց հասարակական ներառումը ապահովելու նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնական հաստատություններում կազմակերպվում է ներառական կրթություն:

Ներառական կրթություն կարող է կազմակերպվել այն ուսումնական հաստատություններում, որոնք ապահովված են կրթության առանձնահատուկ պայմաններով: Բացի այդ, ելնելով «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի զ) ենթակետի թելադրանքից, ՀՀ կրթության և գիտության նախարարը 2010 թվականի N 1281-Ն հրամանով հաստատել է ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների և մանկավարժական գործընթացի մասնակիցների իրավահարաբերությունները կարգավորող կարգը: