Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընթացակարգերը, դպրոցների և բուհերի լիցենզավորումն ու հավատարմագրումը, որոնք վերջին երեք տարիներին բարեփոխումների փուլում են, այնուամենայնիվ, ուսուցիչների և դպրոցների ղեկավարների, սովորողների և նրանց ծնողների դրական կարծիք չի ձևավորված, քանի որ այդ բարեփոխումների կորիզը կազմող «ինչու և ինչպես» հարցադրումները փոքր լսարաններում չեն քարոզվում: Հատկապես բացասաբար է գնահատվում կրթության կառավարման հասարակական ձևերի վիճակը: Դրանք, որպես կանոն, կրում են հռչակագրային /դեկլարատիվ/ բնույթ կամ ընդհանրապես բացակայում են: Միևնույն ժամանակ, այս տարիներին, էապես բարելավվել են ուսուցիչների և սովորողների միջև կապը, առավել ևս՝ վերաբերմունքը և գործընկերային հարաբերությունները: Ծնողական և ուսումնական համայնքի մեծ մասը միանշանակ ընդունում է մրցութային կարգով տնօրենների նշանակման օրենսդրական փոփոխությունները:

Օրենսդրության, քաղաքականության, միջնաժամկետ և հեռահար ծրագրերի, կառավարչական որոշումների նախագծերի թափանցիկությունը հանրակրթության հասարակության հասանելիությանն արժանացնելը, քննարկումներ անցկացնելը, ըստ փորձագետների կարծիքի, կխթանի բարեփոխումների հանդեպ հասարակության դրական վերաբերմունքի ձևավորմանը: Նման ընթացակարգերի անցկացման ժամանակ ավանդական գնահատող ցուցանիշներն այսօր գործում են ուսումնական հաստատությունների, կրթական ճյուղի տվյալներով և չեն պարունակում օբյեկտիվ հասարակական և պետական փորձաքննություն: Դպրոցների աշխատանքի մարզային, համայնքային և հանրապետական տարեկան /ուսումնական տարվա/ գնահատման վարկանիշային համակարգի ներդրումը խոշոր քայլ կլինի կրթադաստիարակչական ցուցանիշների բարելավման համար:

Հավանաբար, այս բացը լրացնելու նապատակով է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում դրված /կարծես՝ նախագիծ, քանի որ չկա ընդունման մասին տեղեկություն/ նախարարության «Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խումբ ձևավորելու մասին» կանոնակարգը:

Նախ, մեր կարծիքով, Կանոնակարգով սահմանված Խորհրդի իրավասությունները պետք է տարածել բոլոր հանրակրթական դպրոցների վրա, իսկ խմբի գործունեության թվարկված՝

1) երեխայի իրավունքների պաշտպանության հասարակական մշտադիտարկման, հաստատություններում մարդու իրավունքների խախտումների բացահայտման և կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացման,

2) հաստատություններում կենցաղային պայմանների բարելավմանը նպաստելու,

3) հաստատություններում իրավիճակի վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների՝ ՀՀ կրթության և գիտության նախարարին և հասարակությանը ներկայացման,

4) օրենսդրությունն ուսումնասիրելու, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացման նպատակը և խնդիրները պետք է ընդլայնել՝ թույլատրելով Խորհրդին անցկացնել դասալսումներ, մասնակցել ատեստավորումների:

Կարծում ենք, կրթական համայնքի համար շահեկան կլինի հասարակական մոնիթորինգի հասարակական աուդիտի նման համակարգի և կրթության հասարակական տեսուչների ինստիտուտի ներդրումը, համապատասխանաբար՝ նրանց վերապատրաստվածության՝ համալիր հասարակա-պետական գիտելիքի, կրթադաստիարակչական ուսումնասիրությունների անցկացումն ու նաև լիցենզավորման և վարկանիշի գնահատման ընթացքում այդ արդյունքների հաշվի առնումը:

Արժեր մտածել նաև «Կրթական և դաստիարակչական ծառայություններ սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին: Կատարյալ հանրակրթության համակարգ ունենալը ազգի ամենաարժեքավոր կապիտալն է ու նոր սերնդի ապագան ձևավորողը: