11.1.3. Արհեստագործական, միջին մասնագիտական կրթության և ուսուցման պետական քաղաքականության սկզբունքները և քաղաքացիների իրավունքների պետական երաշխիքները
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ով սահմանված է, որ պետությունը պայմաններ է ստեղծում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի բնականոն գործունեության և զարգացման համար:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝
1) քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մասնագիտական կրթության իրավունքի ապահովումը և պաշտպանությունը,
2) ժամանակակից անձի ու քաղաքացու ձևավորման, հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրության ու զարգացման, աշխատանքային շուկայում մրցունակության և սոցիալական գործընկերության ապահովումը,
3) ուսանողի և ունկնդրի մասնագիտական գիտելիքների և հմտությունների համապատասխանության ապահովումը տնտեսության ու աշխատանքային շուկայի պահանջներին,
4) կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը և շարունակականությունը,
5) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կառավարման թափանցիկությունն ու կոլեգիալությունը,
6) մրցութայնությունը և հրապարակայնությունը,
7) արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող սուբյեկտների իրավահավասարությունը,
8) արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և վերահսկելիությունը,
9) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մատչելիությունը,
10) սոցիալական գործընկերների հետ համագործակցությունը,
11) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակավորումների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին,
12) հայազգի օտարերկրյա քաղաքացիների (Սփյուռքի համար) արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու ապահովումը:
Պետությունը, հաշվի առնելով Հայաստանի աշխատուժի շուկայի կազմը և կառուցվածքը, ՀՀ քաղաքացիների համար արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում երաշխավորում է՝
1) մրցութային կարգով արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին,
2) սոցիալական գործընկերների պատվերով և ֆինանսավորմամբ արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և մասնագիտական ուսուցում,
3) պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցում՝ համապատասխան բյուջետային հատկացումների հաշվին:
Պետությունն աջակցում է նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ուսանողների, ունկնդիրների ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային պրակտիկաների կազմակերպմանը:
Ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին՝ ՀՀ օրենքներով սահմանված կարգով, ՀՀ կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան: