Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գլուխ 11.2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգը և ուսումնական գործընթացի իրավական կարգավորումը

11.2.1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգը

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգը ներառում է՝

1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը, պետական հավատարմագրման չափանիշները,

2) հիմնական և լրացուցիչ արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունները և համապատասխան այլ կազմակերպություններ,

3) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կառավարման լիազորված մարմինները,

4) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի սոցիալական գործընկերները:


11.2.2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ով սահմանված են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները, որոնք ապահովում են՝

1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակը և նրա գնահատման հիմքերը,

2) ՀՀ տարածքում մասնագիտական կրթական քաղաքականության միասնականությունը,

3) օտարերկրյա պետությունների հետ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակավորումների եւ ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հիմքերի համեմատելիությունն ու համարժեքությունը:

2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են՝

1) ընդհանուր պահանջներ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի նկատմամբ,

2) պահանջներ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ՝ տեսական ուսուցման, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ,

3) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման ժամկետները, կրեդիտային համակարգի առկայության դեպքում՝ կրեդիտների քանակը,

4) սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման ու հաստատման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ի համաձայն, մասնագիտական ուսումնական հաստատություններն իրականացնում են սույն օրենքով նախատեսված, կրթական տարբեր մակարդակներին բավարարող կրթական ծրագրեր՝ նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրեր պատրաստելու նպատակով: