Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԺԻՆ-12. ԲՈՒՀԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Գլուխ 12.1. Բուհական կրթության հասկացությունը, նպատակը և խնդիրները

12.1.1. Բուհական և հետբուհական կրթության /ԲՀԿ/ հասկացությունը

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին: Այն կարգավորում է Հայաստանում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում իրավական, կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները:

Բարձրագույն մասնագիտական կրթությունն առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հենքի վրա բարձրագույն ուսումնական հաստատությունում բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի կրթական ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթությունն է:

Թևակոխելով 21-րդ դարի երկրորդ տասնամյակ, առավել ցայտուն ենք զգում համաշխարհային տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ինտելեկտի և գիտելիքների վրա հիմնված հասարակության ձևավորման հրամայականի կատարումը: Յուրաքանչյուր էակի մղումների հիմքում նրա բնազդներն են, առանց որոնց և ոչ մի արարած գոյություն չէր ունենա: Հանրակրթության տարբեր փուլերում երեխայի այդ բնազդները դառնում են կառավարելի, վերածվում գիտելիքների և մտավոր ունակությունների, բացահայտվում են երեխայի ստեղծագործական ունակությունները, որոնք օժանդակում են մարդու հասունացմանը, առավել ունակություններ հանդես բերածներին հնարավորություն ընձեռելով կրթությունը շարունակել բուհական համակարգում:

Ամեն մի կրթության աստիճան, առավել ևս բուհական կրթություն ստանալը, կարիք ունի խթանիչ ուժի, ինչ-որ առաջնածին ուժի, որ գոյություն ունի, դա ոգին է: Ոգին այն գործարանն է, որն էներգիա է ապահովում կրթության սահմանված շեմերը հաղթահարելու համար: Սակայն հայաստանյան բուհական կրթության ձգտողների հազիվ 20 տոկոսն է, որ այդ ոգեղենության ուժով են ստանում բուհական կրթություն: Հենց մնացած 80 տոկոսն է, որ արժեզրկում է բուհական կրթությունը: Մոդայամոլությունը, երեխաների ուսումնառության գործում ծնողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև բուհական վարչական որոշ աշխատողների գնահատման հարցերին անհարկի միջամտելը գումարվում է այն բացասական երևույթներին, որոնք առկա են այսօր կրթության ոլորտում:

«...35 տարուց ավելի է, որ դասավանդում եմ: Ես դեռ չեմ տեսել որևէ ծնողի կամ ուսանողի, ով բողոքի կրթության ցածր որակից, բողոքի դասախոսից, թե գլուխ է պահում, վատ է դասավանդում: Հանդիպել եմ բազմաթիվ դեպքերի, երբ ծնողը կռիվ է անում դասախոսի կամ ուսուցչի հետ, թե ինչու է իր երեխային ցածր գնահատել: Այսինքն՝ կա գնահատականի, կրթական փաստաթղթի, բայց ոչ գիտելիքի պահանջ ու ցանկություն: Խորհրդային տարիներին ես սա, ինչ-որ տեղ, հասկանում էի. ուսումն անվճար էր, և մարդիկ չէին ընկալում, որ այն արժեք ունի, իսկ այսօր վճարում են և չեն սովորում: Բայց, կարծես, վերջին տարիներին ինչ-որ բան փոխվում է: Կոռուպցիայի տեղ չի մնա, երբ հասարակությունը համատարած ցանկանա և պահանջի գիտելիք: Ես երազում եմ այն օրը, երբ իմ ուսանողներն ինձնից գիտելիք կպահանջեն, երբ իմ «գլուխը կջարդեն» և կասեն՝ լավ չես դասավանդում, մենք ավելի լավի համար ենք վճարամ, մեզ ապրանք ես տալիս, որն անորակ է»:

Արեգ Գրիգորյան
ՀՀ լուսավորության նախկին նախարար