Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովորողներին պետք է մատչելի լինեն ուսումնական բազմաբնույթ ծրագրերը, ներառյալ բազմառարկայական ուսուցումը, լեզուների և նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ուսումնառության բարելավումը:

Կրթական առաջին փուլի որակավորման միջազգային ճանաչումը գործընթացի կարևորագույն պայմանն է, որով մեր կրթական համակարգը հասկանալի կդառնա բոլորին:

Բուհական ուսումնառության ընթացքում պետք է հնարավորություն ընձեռվի ընտրել մագիստրոսական կարճաժամկետ կամ դոկտորական ուսուցման երկարաժամկետ դասընթացներ, ինչպես նաև մեկից մյուսին անցնելու հնարավորություն: Նշված երկու աստիճանների ուսումնական ծրագրերում կկարևորվեն գիտահետազոտական և ինքնուրույն աշխատանքները:

Բուհական ուսուցման ընթացքում ուսանողներին պետք է խրախուսել առնվազն մեկ կիսամյակ ուսանելու արտասահմանյան որևէ համալսարանում: Միևնույն ժամանակ, դասախոսական համակազմն էլ պետք է աշխատի արտասահմանյան համալսարաններում: Ուսանողների և դասախոսների շարժունության համար նախատեսված Եվրամիության հարաճուն աջակցությունը պետք է լիարժեք կիրառվի:

Բազմաթիվ երկրներ, ոչ միայն եվրոպական, լիովին գիտակցում են բարեփոխումների գործընթացին աջակցելու կարևորությունը: Բարեփոխումների գաղափարախոսությունը քննարկվել է մեր երկրներում կայացած համալսարանների ռեկտորների, նախագահների, փորձագետների և դասախոսների համաժողովներում:

Անցյալ տարի Լիսաբոնում ընդունվել է Եվրոպայի բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման կոնվենցիան: Կոնվենցիան առաջադրել է մի շարք հիմնական պահանջներ և ընդունել առանձին երկրների փոխճանաչման սխեմաները բարելավելու հնարավորությունը: Եվրամիության համապատասխան ցուցումների միջոցով ստեղծված է ընդհանուր հիմք բարձրագույն կրթության որակավորումների համաեվրոպական փոխճանաչման համար:

Մեր կառավարությունները, այնուամենայնիվ, շարունակում են նշանակալից դեր խաղալ այս նպատակների իրականացման գործում՝ խրախուսելով այն ուղիները, որում կարող են վավերացվել ձեռք բերած գիտելիքները և ճանաչվել համապատասխան որակավորումները: Մենք ակնկալում ենք, որ դա հետագայում կզարգացվի միջհամալսարանական գործակցային պայմանագրերով: Կրթական որակավորումների/աստիճանների և փուլերի ընդհանրական շրջանակների ներդաշնակումը կարելի է ձեռք բերել՝ ամրապնդելով առկա փորձը, ինչպես նաև համատեղ/միասնական դիպլոմների, փորձնական ծրագրերի և շահագրգիռ կողմերի երկխոսության միջոցով:

Սույնով պարտավորվում ենք ստեղծել միասնական համակարգ՝ նպատակաուղղված բարձրագույն կրթության արտաքին ճանաչման, ուսանողների շարժունության, ներառյալ աշխատանք գտնելու հնարավորությունների բարելավմանը: Փարիզի համալսարանի հոբելյանին, այսօր Սորբոնում, բացառիկ հնարավորություն է ընձեռվում իրականացնելու մեր ձգտումները՝ ստեղծելու բարձրագույն կրթության Եվրոպական տարածք, որտեղ ազգային ինքնությունը և ընդհանուր շահերը կարող են փոխազդել և ամրապնդել մեկը մյուսին՝ ի շահ Եվրոպայի, դրա ուսանողների և ընդհանրապես քաղաքացիների: Մենք կոչ ենք անում Եվրամիության այլ անդամ պետություններին և Եվրոպական այլ երկրներին, ինչպես նաև Եվրոպական համալսարաններին՝ միանալ մեզ, ամրապնդելու Եվրոպայի դիրքը աշխարհում՝ իր քաղաքացիների համար շարունակաբար բարելավվող և ժամանակակից կրթության միջոցով:

14.5.3. Բոլոնյան հռչակագիրը և Բոլոնյան գործընթացը

Եվրոպական միասնական կրթաիրավական տարածքի կայացումը և զարգացումը չսահմանափակվեց ուսումնասիրված իրադարձություններով և գործընթացներով: Ներկա ժամանակներում Եվրոպայի կրթական, առաջին հերթին՝ բարձրագույն կրթության ոլորտն ապրում է մի ժամանակահատված, որն ստացել է «Բոլոնյան գործընթաց» անվանումը, որի սկիզբը կապված է Բոլոնյան Հռչակագրի ընդունման հետ: