Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զբաղեցրած տեղի փոփոխությունը կամ սոցիալական մեկ շերտից մյուս շերտի տեղափոխումը: Գոյություն ունի ուղղահայաց և հորիզոնական սոցիալական շարժունություն:

127) Սոցիալական պաթոլոգիա՝ մարդկային գործողություն, արարք, պահվածքի ձև, որը հասարակությունը գնահատում է որպես վնասակար, իրավակարգը և հասարակական բարոյականությունը կազմաքանդող, հանցավորություն, խուլիգանություն, ալկոհոլամոլություն, թմրամոլություն, պոռնկություն և այլն:

128) Սոցիալական ինքնավարություն - անհատի, խմբի կամ կազմակերպության քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային գործունեության ինքնուրույն ընտրելու և իրագործելու հնարավորություն:

129) Սոցիալական երաշխիքներ - նյութական և հոգևոր միջոցներ, իրավաբանական ակտեր, որոնք ապահովում են մարդու իրավունքների իրացումն արդի հասարակության մեջ:

130) Սոցիալական ծրագիր - միջոցառումների (գործողությունների) ամբողջություն, որոնք անհրաժեշտ են բնակչության առավել խոցելի կատեգորիաների սոցիալական աջակցության ծրագիրը (պլանը) իրականացնելու համար:

131) Կենսանվազագույն զամբյուղ - պարենի, ապրանքների և ծառայությունների նվազագույն սպառման մակարդակ, որը բավարար է մարդու կամ ընտանիքի գոյատևման և առողջության բավարար վիճակ պահպանելու համար:

132) Սոցիալական բարեփոխում - գոյություն ունեցող հասարակական կարգի պահպանման պարագայում հասարակական կյանքի որևէ կողմի կամ բոլոր կողմերի (կարգերի, ինստիտուտների, հիմնարկների) փոխակերպում, փոփոխություն, վերակառուցում:

133) Սոցիալական պաշտպանություն - քաղաքացիների, բոլոր մակարդակների կառավարման մարմինների, այլ ինստիտուտների օրենսդրորեն ամրագրված սոցիալական, իրավական և տնտեսական երաշխիքների իրականացման առաջնությունների և մեխանիզմների համակարգ, ինչպես նաև սոցիալական ծառայությունների համակարգ, որոնք կոչված են ապահովելու հասարակական զարգացման որոշակի պայմաններին համապատասխան սոցիալական ապահովության և ապահովագրության որոշակի մակարդակ: Սոցիալական պաշտպանությունը մարդու իրավունքների և ազատությունների պահպանման և իրականացման տնտեսական, սոցիալական, իրավական երաշխիք է: Ս/Պ-ն քաղաքացիների համար ապահովում է կյանքի արժանավայել մակարդակ և որակ: Շուկայական հարաբերությունների ձևավորման պայմաններում Հայաստանում Ս/Պ ձևավորվող մեխանիզմը ներառում է զբաղվածության, վարձահատուցման և աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների հիմնահարցերի լուծման, արժեզրկումից առաջացող կորուստների փոխհատուցման, զառամյալներին և հիվանդներին, սոցիալական այլ ռիսկերի պատկանող անձանց սոցիալական երաշխիքների ապահովման միջոցառումների համալիր: Ցավոք, այդ մեխանիզմները դեռևս կատարյալ չեն, այն չի ապահովում ողջ բնակչության լրիվ և մշտական պաշտպանություն:

134) Սոցիալական քաղաքականություն - պետության ներքին քաղաքականության բաղկացուցիչ մաս, որը մարմնավորվում է սոցիալական ծրագրերում, ի շահ բնակչության հիմնական սոցիալական խմբերի և անհատ անձանց հետաքրքրությունները բավարարելու համար:

135) Սոցիալական օգնություն - սոցիալական աջակցության տարատեսակ, օժանդակության և ծառայությունների տեսքով սոցիալական միջոցառումների ծրագիր, որոնք սոցիալական ծառայությունը ցուցաբերում է առանձին անձանց կամ բնակչության խմբերին՝ կենսական դժվարությունները մեղմացնելու կամ հաղթահարելու, նրանց սոցիալական կարգավիճակը և լիարժեք կենսագործունեությունը պահպանելու, հասարակությանը հարմարվելու համար:

136) Սոցիալական ոլորտ - մարդկային հասարակության կենսագործունեության բնագավառ, որտեղ պետության սոցիալական քաղաքականությունն իրականացվում է նյութական և հոգևոր բարիքների բաշխման, հասարակական կյանքի բոլոր կողմերի առաջադիմության ապահովման, աշխատանքի, մարդու վիճակի բարելավման ճանապարհով: Ս/Ո-ն ընդգրկում է սոցիալական, սոցիալ-տնտեսական, ազգային հարաբերությունների համակարգը, հասարակության և անհատի կապերը: Նրա մեջ մտնում են նաև հասարակական, սոցիալական և այլ խմբերի ու անձերի