Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանաչվել, ձևավորվել և իրավաբանական պաշտպանության է վերցվել վերջին հարյուրամյակում:

Պատմական տարբեր փուլերում «մարդու իրավունքներ և ազատություններ» հասկացության բովանդակությունն ու ծավալը միատեսակ չեն եղել։

1945թ․ ՄԱԿ-ի կանոնադրության ընդունումը շրջադարձային եղավ մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության գործում: Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների վերաբերյալ հատուկ դրույթների նախատեսումը նպատակ ուներ վերականգնել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միլիոնավոր մարդկանց ոտնահարված իրավունքներն ու ազատությունները:

ՄԱԿ-ի կանոնադրությանը հաջորդեց 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ «որպես առաջադրանք, որի կատարմանը պետք է ձգտեն բոլոր ազգերը և պետությունները»: Համընդհանուր հռչակագիրը ճանաչեց մարդու իրավունքների բնական բնույթը և առաջին իսկ հոդվածում հռչակեց, որ «բոլոր մարդիկ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով ծնվում են ազատ և հավասար»: Չնայած այդ փաստաթուղթը կրում էր հռչակագրի բնույթ, սակայն, ըստ էության, հիմնականում բարեխղճորեն կատարվում է անդամ պետությունների կողմից:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերին ընդունած և հռչակված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 10-ի 217 Ա (III) բանաձևի հոդված 26-ի համաձայն՝

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն, տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը՝ հավասարապես մատչելի բոլորի համար՝ յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:

2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը, բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միվորված ազգերի՝ խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:

3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:

Դիտարկելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 1-ը, նկատում ենք, որ կրթության բնագավառը կարգավորվում է միայն ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով: Զարմանալիորեն, այդ սահմանման բովանդակությունից սպրդել են միջազգային իրավունքի նորմերը, թեև ակնհայտ է, որ կրթական իրավունքի աղբյուր են հանդիսանում նաև միջազգային իրավունքի նորմերը: Այդ մասին է վկայում ՀՀ Սահմանադրության հոդված 6-ը, ըստ որի՝ «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»:

Բացի այդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ միջազգային պայմանագիրը նորմատիվ իրավական ակտ է, որը կարգավորում է ՀՀ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպության և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները:

Միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

ՀՀ օրենքներն ու իրավական այլ ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին ու սկզբունքներին:

Համընդհանուր ճանաչում գտած են համարվում միջազգային իրավունքի այն նորմերն ու սկզբունքները, որոնք իրավաբանորեն հավասար ուժ ունեն բոլոր պետությունների, ներառյալ՝