Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. աջակցել ազգերի, ռասայական և կրոնական խմբերի միջև փոխընբռնմանը, հանդուրժողականությանը և բարեկամությանը,

4. աջակցել Միավորված ազգերի կազմակերպության գործունեությանը՝ ուղղված խաղաղության պահպանմանը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 26-ը սահմանում է, որ՝

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է լինի հանրամատչելի, և բարձրագույն կրթությունը՝ հավասարապես մատչելի բոլորի համար՝ յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:

2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական ու կրոնական խմբերի միջև բարեկամությանը, պիտի նպաստի Միավորված ազգերի՝ խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:

3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:

Հոդված 27-ում սահմանվում է, որ՝

1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի արդյունքը հանդիսացող իր բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք:

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին համաձայնագիրը (Նյու-Յորք 1966թ. դեկտեմբերի 16) անհատի կրթական իրավունքին տալիս է հիմնական իմաստ, առաջին հերթին հավասարեցնում է այն և այլ տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքները քաղաքական և քաղաքացիական իրավունքների հետ: «Մարդկային անհատի ազատության իդեալը, որն ազատ է կարիքից և վախից, ասվում է համաձայնագրի ներածական մասում, կարող է իրականացվել, եթե ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնց դեպքում յուրաքանչյուրը կարող է օգտվել իր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներից, ինչպես նաև քաղաքացիական և քաղաքական իրավունքներից»:

Համաձայնագիրը նշում է հինգ կոնկրետ ուղղություններ, ըստ որոնց յուրաքանչյուր պետություն պարտավորվում է զարգացնել կրթությունը՝ համաձայն Հռչակագրի մեջ նշված խնդիրների: Դրանց մեջ մեր երկրի համար հատկապես արդիական է համարվում պետության պարտականությունը՝ ապահովել անվճար բարձրագույն կրթության ներմուծումը, արժանապատիվ կրթաթոշակի և դասախոսական կազմի նյութական վիճակի մշտական բարելավման հաստատումը։

Միջազգային իրավունքի աղբյուրների թվում հատուկ նշանակություն ունի երեխայի իրավունքների մասին համաձայնագիրը /կոնվենցիան/: Կոնկրետացնելով և զարգացնելով մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը, ըստ որի երեխաներն իրավունք ունեն ընդունելու հատուկ օգնություն և հոգատարություն, համաձայնագիրը պարտավորվածություն է դնում պետության վրա՝ ապահովել յուրաքանչյուր երեխային այնպիսի պաշտպանությամբ և հոգատարությամբ, որոնք անհրաժեշտ են նրա բարեկեցության համար:

«Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիան ամրագրելով երեխայի կրթության մասին իրավունքը, վերանայում է կրթության և ազատության միասնությունը, որը կոչված է երաշխավորել կրթական իրավունքի ներգործությունը: Սովորաբար, համաձայնագիրը պարունակում է հատուկ նորմեր, որոնց համաձայն երեխան իրավունք ունի ունենալ այնպիսի կենսական մակարդակ, որն անհրաժեշտ է նրա ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացման