Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր միջև՝ հաշտություն»։ Նրանք ընդունեցին խնդիրքը և համաձայնեցին կատարել նրա կամքը, մինչև որ կտեսնեին, թե ինչ պատասխան կգար իրենց թագավորից, կամ զորքին ինչ կհրամայեր անել։ Իսկ զորքն այնտեղից գնաց Սիրիա՝ ձմեռելու։

Պարսից թագավորն ընդունեց կայսեր ուղարկած նվերները, բայց չարձակեց նրա դեսպաններին և ոչ էլ պատասխան տվեց հրովարտակներին, այլ զորքին հրաման տվեց նստել նավերը և շարժվել Կոստանդնուպոլսի վրա։ Ապա պատերազմ սկսվեց, և ծովի մեջ տեղի ունեցավ սաստիկ նավամարտ։ Այդ օրը պարսից զորքը կորցրեց 4000 սպառազինված հեծյալներ, իրենց նավերով հանդերձ։ Այդպիսի կորըստից հետո նրանք այլևս չհամարձակվեցին նույնն անելու, այլ սփռվեցին ու գրավեցին ամբողջ երկիրը։

Խոսրովն ավելի գրգռվեց։ Բայց տերը պնդացրեց նրա սիրտը, քանի որ կործանելու էր նրա թագավորությունը։ Նա գրեց կայսեր նախատալից հրովարտակ, այսպիսի օրինակով. «Աստծուց և բոլոր թագավորներից փառաբանված, երկրի ու ծովերի տեր, մեծն Արամազդի որդուց՝ Խոսրով թագավորից մեր անմիտ և անպիտան ծառա Հերակլեսին։ Չցանկացար կամովին մտնել մեր ծառայության տակ, այլ քեզ կոչում ես տեր և թագավոր, ծախսում ես քո մոտ եղած իմ արքունի գանձը, չգիտես, որ վաղը հաշիվ ես տալու։ Խաբում ես իմ ծառաներին և ավազակներից զորք հավաքում, հանգիստ չես տալիս ինձ, միշտ պատրաստվում ես իմ դեմ պատերազմի և ասում, թե ապավինում ես աստծուն։ Հապա ո՞ւր է այն աստվածը, որ քոնն ես համարում, ինչո՞ւ չփրկեց Կեսարիան, Անտիոքը, Տարսոնը, Ամասիան, Երուսաղեմը, Ալեքսանդրիան, Թեբայիտը և այլ երկրներ։ Մի՞թե այժմ չես ճանաչելու, որ հնազանդեցրել եմ ամբողջ աշխարհը, թե ծով և թե ցամաք։ Ուրեմն միայն Կոստանդնուպոլի՞սը չպիտի կարողանամ [հնազանդության] բերել։ Սակայն քեզ եմ թողնում քո գործած բոլոր հանցանքներն ու վնասները, վերցրու կնոջդ ու որդիներիդ և արի այստեղ։ Քեզ կտամ ագարակներ, այգիներ, ձիթենիներ և սերմեր, որպեսզի անես վար ու ցանք և հունձ, իսկ մենք քեզ կնայենք բարեկամաբար: Ապա թե ոչ՝ թող չխաբի քեզ սնոտի հույսը, քանզի այն Քրիստոսը, որ ի

- 110-