Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՊՐՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ


Ա

ԱՄԲՈՂՋ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՄԱՍԻՆ. ԻՆՇԽԱՆՆԵՐԻ ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՀԱԾԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՊԱՏԱՀԱԾԸ

Մինչև այստեղ ոչնչից չէինք վախենում ճշմարտության թշնամիներից մեզ հասած վտանգների ու նեղությունների մասին պատմելիս, որովհետև թեպետ պես-պես կտտանքներով նեղվեցինք ու չարչարվեցինք իսմայելական ազգի արաբական տերության զորքից, բայց քիչ չափով և կարճատև ժամանակ: Եվ ավելի հաճախ մեզնից էին հարվածներ ստանում, քան՝ մենք նրանցից, քանզի դեռ միաբան, միակամ և համերաշխ էին ապրում Հայոց իշխաններն, իրենց ազատազորքի բազմությամբ հանդերձ, թեպետև ծածուկ ունեին նենգ կասկածներ: Իսկ երբ միաբանության մեջ սպրդեց երկպառակությունը, հեռացավ գնաց աստվածատուր զորության շնորհը: Առ ոչինչ էին համարվում աստվածային խորհուրդները՝ մարտերում ու երկրի հոգաբարձության այլ կարգի գործերում: նույն կերպ, եթե մեկը մարմինը բաժանի մասերի, չի երևա մարդկային կենդանի սեռը, նրա կազմվածքի գոյացությունը: Իսկ եթե կորցնի անդամներից մեկը, կխեղանդամվի, բայց կմնա կենդանի։ Այսպես տակավին մեծ չափերով քայքայված էր երկրի միաբանությունը, և յուրաքանչյուր ոք՝ ընկերը ընկերոջը, եղբայրը եղբորը խոկում էր չարամտություն:

-139-