Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միմյանցից ծածուկ թագավորին ուղարկում էին թղթեր ու դեսպաններ, միմյանց դավում էին քսությամբ։ Չկար գեթ մեկը, որ համերաշխ լիներ մեկ ուրիշի հետ։ Իսկ թշնամիները հույժ ուրախ էին նրանց անմիաբանությունից։ Ավելի շատ գրում էին այն մասին, ինչը չէր կատարվել Հայաստանում և ապստամբության ողջ մեղքը, հասցրած վնասները բարդում էին Աշոտի վրա։ Սրանց մասին է Փրկիչի ասածը՝ «Ամեն թագավորություն իր դեմ բաժանված՝ կավերվի, և ամեն քաղաք կամ տուն իր դեմ բաժանված չի կարող մնալ»։ Պատջաճում է նաև առյուծների ու եզների վեճի մասին Ոլպիան փիլիսոփայի հին առակը, ինչին տեղյակ են ուսումնասեր անձինք։

Նույն ժամանակ թագավորը, իր տերության մեծամեծներով հանդերձ, դարձյալ նստեց խորհրդի, որպեսզի անվրեպ ու անսխալ ըմբռնի Հայոց աշխարհում կատարվածը։ Բազում և ճիշտ խորհուրդներից սինկղիտոսները հաստատապես ընտրեցին միայն այս մեկը, և ասացին թագավորին. «Զորք գումարի, գնա և մտիր Հայոց երկիրը։ Քո իշխանության տակ գտնվող բոլոր ազգերից քո մոտ հավաքի ընտիր այրուձի և շարժի գետից անդին։ Երբ վրա կհասնես հայերին, ամենից առաջ կգերես Աշոտին, կբերես այստեղ, որից հետո բոլոր մյուսները դյուրությամբ կմտնեն քո իշխանության տակ, և ամենքին առանց երկբայության կհնազանդեցնես քեզ։ Չպետք է ջանանք վրեժ առնել հարկերի, զինվորության և ուրիշ ծառայության խափանման կամ թագավորի դեմ կռվելու համար, այլ գերվածներին կստիպենք հեռանալ քրիստոնեական հավատից և պաշտել մեր մարգարեի ու օրենսդրի կրոնը, և դյուրությամբ կկատարվեն մեր բոլոր մտադրությունները։ Նրանց կխոշտանգես ծեծով, բանտով ու պես-պես տանջանքներով։ Սպառնալիքներով, ողոքմամբ, հարստության խոստումով նրանց կենթարկենք մեր թագավորությանը, և քրիստոնեության անունը կվերանա նրանց միջից»։ Այս խորհուրդը հույժ դուր եկավ թագավորին, և նա մեծապես ուրախացավ։

Այստեղ լացը, ողբն ու կոծը ոչ միայն մեկ տոհմի կամ աշխարհի վրա է, այլ Հայաստանի բոլոր ազգատոհմերի ու աշխարհների։ Առաջ անցնելով, թեպետև ոչ հաճությամբ,

-140-