Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեպի [երկրի] ներսը և մարտնչել Քրիստոսից զորացածների անհաղթ զորության դեմ։ Բայց ես անհունորեն զարմանում եմ, թե ինչպես էր կարողանում տոկալ, առանց հոգնելու կրել բազում չարչարանքներ։ Նախքան մտքով հոժարելը [պատերազմական] հանդեսների մեջ մտնելու, մարմինը միշտ պահում էր անհանգիստ ու ամուր ճակատամարտերի համար։ Բայց ինչպես նախօրոք ասացի, պարսավանքներից ինձ հեռու եմ պահում սրա մասին ինչպես կարգն է, մանրամասնորեն այստեղ չշարադրելու և անչափելին ի մի հավաքել, մասնավորեցնել չկարողանալու պատճառով, մանավանդ որ մեզանից ավելի առաջ ուրիշները հավաքել և շարադրել են։


Չորս տարի անցնելուց հետո, երբ տեր Զաքարիան գրավում էր Հայոց կաթողիկոսության գահը, Վասպուրականի Աշոտ իշխանի եղբայր Գրիգորը վերադարձավ Ափխազաց աշխարհից և նրանց օժանդակությամբ ու վրաց ընտիր զորքով եկավ մտավ մեր Վասպուրական աշխարհը' Գուրգենի դեմ պատերազմելու համար։ Բայց երբ նրա հետ եկած զինվորներն իմացան [Գուրգենի] անկոտրում արիության մասին,այս ու այն պատճառաբանություններով վերադարձան իրենց տեղերը։ Իսկ Գրիգորը, չկարողանալով ընդդիմակայել նրան, հետը խոսեց սիրով ու խաղաղությամբ, ապա հաշտվեցին և երկիրը բաժանեցին միմյանց միջև։ Բայց խռովարարներն ու խաղաղության ատողները չդադարեցին բարուն և չարի աճմանը հակառակ գնալուց։ Մանավանդ Վասակը, որ կարծեցյալ իշխանական անունն իր վրա էր կրում։ Գուրգենը, թեպետև գտավ իր դեմ նենգություն անողներին, ոչ ոքի չհատուցեց նրանց չարության փոխարեն։ Բայց ամեն անգամ իբրև կատակով բռնում էր Վասակին և ազատ արձակում խաղաղությամբ։


Նույն ժամանակներում գերությունից եկավ Վահանը, Աշոտի որդին և Սահակի հորեղբորորդին' տիրելու մեր երկիրը։Զորագունդ կազմեց Գուրգենի դեմ, բայց ոչ թե հաղթեց, այլ պարտություն կրեց։ Գուրգենը նստած էր Ռշտունյաց Ոստանի ամուր բերդում, և ահա Վահանը հանկարծակի վրա հասավ նրան, մտադրվելով մի վնաս հասցնել։ Բայց Գուրգենը սակավաթիվ տղամարդկանցով, ինչպես զառիվայրից հոսող ջուր, քշեց Վահանին ու նրա զորքին։ Ապա իջան դաշտավայրը,