Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի

                     ԴԵՐԵՆԻԿԻ ԿՈՂՔԻՑ ՅԱՐՈՆԻ ԻՇԽԱՆԻՆ՝ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏԻՆ
                     ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԵՎ ԴԱՎԹԻՆ, ՈՐ ՃԱՆԱՉՎՈՒՄ ԷՐ ԱՐՔԱ,
                                  ԻՇԽԱՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Եվ մինչ իշխաններն, առանց վախի ու կասկածի, միաբաՆության մեջ էին և մնում էին Հալթի որդու' արքունի զորապետի հպատակության տակ, ամուր ու անքակ պահելով միմյանց հանդեպ սերն ու միաբանությունը, ինչ-որ բանսարկուներ քսությամբ մեկից մյուսին էին տանում բերում կեղտոտ խրատներ»։Որպես թե ի հայտ էին բերում զորապետի հանդեպ մեկր մյուսի նյութած չարագործությունները և պատճառները գցում էին միմյանց վրա, տրտնջում։ Ուրիշները, որ մոտիկ էին Դերենիկին, ամբաստանում էին Աշոտ Կյուրապաղատին,որպես թե նախանձով էր լցված և քսություն էր անում հազարապետի մոտ և ջանում Դերենիկին և զրկել իր իշխանությունից։ Բայց այս չարագործություններր ճշտությամբ հայտնի դարձան և հաստատվեցին կայսիկ Ապլբառի վրա։


Եվ այնինչ արևը բարձրանալիս բարի լույսի գնացողները մտնում էին ամիրայի մոտ, [Դերենիկը], որպես թե որսի պատճառով, նստեց ընտիր երիվարը, իր մերձավոր հարազատներով, և Վասպուրականի ընտրյալ ազատների հետ ելավ գնաց երկու նետընկեց տարածության չավփ։ Իսկ կայսիկների հեծելազորը ելավ նրա ետևից, զգալով բանակից նրա դուրս գալու պատճառը։ Բայց ոչնչով չկարողացան վնասել նրան և վերադարձան ամոթալից ու կորակնած, չիմանալու տալով իրենց կատարածը։


Այս ժամանակ կյուրապաղատը ելավ Դերենիկի ետևից,նույն պատճառով զորապետի մոտից հեռանալու համար։ Գիտեր, թե ինչ էր նա մտադրվել իր մոտ եկած Հայոց նախարարների հանդեպ։ Այնտեղի զորքից հեռացան 5 ասպարեզ և Դերենիկը մտաբերեց իր հանդեպ Աշոտ կյուրապաղատի քսությունը,որի մասին տեղեկացրել էին իրեն՝ ստությամբ թե ճշմարտությամբ, մեզ հայտնի չէ։ Բայց Դերենիկը հրաման տվեց Գրիգորին' իր հարազատին՝ նույն Արծրունյաց ազգատոհմից, որը բռնեց [Աշոտին] և գցեց Սևանա ամրոցը, Ապա [Դերենիկն] իր քեռորդի Հասանին հրամայեց պահել նրան, առանց կապանքների։