Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխարհում տիրող անարդարության, մարդու ընկած վիճակի, հայրենի երկնակամարում հավաքված թուխպերի համար: Երբեմն նրան թվացել է, թե չկա ելք այդ ամենից, թե «ամեն կողմերում է խավար», ուրեմն պետք է չսիրել, չխորհել, հեռանալ: Սակայն հումանիստ գրողը չի կարող ապրել առանց իր նմանի, առանց մարդու։ Չէ՞ որ նրա վշտի պատճառը իր նմանի ծանր վիճակն է, «աշխարհաշեն մարդը»։ Եվ նա, «նոր տենչերի պայծառ հրդեհը» հոգում, վերադառնում է «մենության բանտից», «աշխարհը գրկում», «հավատով նայում գալիքին»։

Տերյանը ստեղծել է հայրենասիրական երգի անգերազանցելի արժեքներ։ Ժողովրդի վշտով ու խինդով ապրող, իր հոգում «նաիրյան հոգու բարձր տառապանքը» կրող բանաստեղծի համար հայ «արյունլվիկ ժողովրդի» վիճակի հարցը դարձել է «ֆանտոմ», բոլոր հարցերի հարցը։ Այդ «ֆանտոմ»-ից է ծնվել-սնվել «Երկիր Նաիրի» երգաշար-պոեմը, որը, Չարենցի արտահայտությամբ, դարձավ «նաիրյան խոսքերի գանձարան» (նաև՝ «երգերի սուրբ գանձարան»): «Նաիրական» այդ հրաշակերտները զգացմունքի զարմանալի հարազատությամբ ու խորությամբ և կատարման աննախընթաց բարձր արվեստով նոր ու փայլուն էջ բացեցին հայ մշակույթի պատմության մեջ։ Մեր ժողովրդի ապրած ահավոր ողբերգության ամենախոր և ամենադրամատիկ արտահայտություններից է «Երկիր Նաիրի»-ն, մի երգաշար, որ կարող է պատիվ բերել ամեն մի ժողովրդի գրականության։

«Երկիր Նաիրի»-ն ձևավորվեց պատերազմի տարիներին, երբ ամեն հիմք ուներ պոետի տագնապը՝ պիտի ապրի՞ Նաիրին, թե՞ պետք է վերանա աշխարհից և միայն երբեմն հպանցիկ հիշվի պատմության գրքերում:

Վտանգի տակ էր դարերից մաքառումներով ու ապրելու իրավունքով եկած հնագույն մի ժողովրդի գոյության հարցը։ Ժողովրդասպան պատերազմը շարունակում էր մոլեգնել։ Երբեմնի հույսն ու հիասթափությունը, հայկական նորանոր ջարդերը, իմպերիալիստական պետությունների «կեղծ գգվանքները», ցարական հրամանատարության կամքով կատարված նահանջը և մերկ սրի առաջ մնացած ժողովրդի օրհասական վիճակը արյունոտում են բանաստեղծի հոգին։ Ակամա հիշում ենք Թումանյանի հայտնի խոսքը. «Ես առաջ եմ գալի... մի արյունոտ հողից, մի անօրինակ զարհուրելի պատմությունից, մի հոշոտված ժողովրդից»։

Այս ամենին միացավ 1915-ի գարունը՝ ամենամռայլ գարունը հայ ժողովրդի պատմության մեջ, 1915-ի ապրիլը, որ կարծեք վերջ պետք է դներ մեր ապրելուն։ Իթթիհատական ոճրաշատ Թուրքիան, իմպերիալիստական պետությունների դավադիր համաձայնությամբ, ծրագրել ու իրականացնում էր վաղնջական ժամանակներից մաքառումներով XX դարին հասած մի ժողովրդի զանգվածային բնաջնջումն ու տեղահանությունը, ժողովուրդ, որի միակ «հանցանքը» կառուցելը, ստեղծելը և դրանք հազարաշող թուր կայծակիով պաշտպանելն էր։ Բառարաններում իսկ հանդիպելիս սարսուռ ազդող եղերական եղեռն բառը լայնացնում էր իր սահմանները և հասնում գենոցիդի — ազգաջնջման։ Մեծ պոետն ու քաղաքացին, նկատի ունենալով 1915-ի մայիսը, գրել է.