Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
17
Հմայված լուսնի շողերովն արծաթ,
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ
Տարորեն լռին լուսնոտը գունատ։
Լուսնի շողերը թովիչ-խուսափող
Ստվերիդ նման և հեռու և մոտ,
Ես մի լուսնահար, ես մի խենթ լուսնոտ,
Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։
Իմ մեջ սառել է հիվանդ մի կարոտ
Եվ չըգտնելու տանջանքը մաշող,
Ես մի լուսնահա՛ր, դու լուսնկա՛շող,
Դու հավերժաբար և հեռու և մոտ...
|
|
1906