բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջներ»-ը»։
Ընթերցողներից բացի Տերյանին ջերմորեն ողջունեցին ժամանակի գրական հսկաները: «Դուք բանաստեղծ եք... Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ — բարո՛վ եկաք»,— այսպես գրկաբաց ընդունեց Հովհ. Թումանյանը, «...Հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ։ Իսկական քնարերգությունը սա է— մաքուր լիրիկա»,— այսպես դիմավորեց Ավ. Իսահակյանը։
Սակայն բոլորը չէ, որ հասկացան ու գնահատեցին Տերյանին։ Նրա առթիվ շատ սրեր խաչվեցին։ Եթե Տերյանի մուտքը սիրով ողջունեցին մայրենի գրականության մեծ երախտավորները, ապա նորարարականի, անսովորի, ոչ ավանդականի համար նրա դեմ ճակատ կազմեցին հնամոլները, նորի թշնամիները։ Հիացում և թշնամանք — այսպես են դիմավորում մեծերին։ Միայն միջակությունն է, որ ոչ ոքի չզայրացնելու և թշնամիներ ու հակառակորդներ չունենալու «առավելությունն» ունի։ Տերյանի շուրջ ծագած վեճերի մեջ գնահատող ու ժխտող կողմերը ամենից առաջ իրենց էին բնութագրում։ Գրական խոշոր մեծության ու բարձր կուլտուրայի նկատմամբ թշնամանք տածողները ցույց էին տալիս իրենց ցածր ճաշակն ու հոգու աղքատությունը։ Մեծ լույսը խտղտում էր այդպիսի լույսին անսովոր աչքը։
Իսկ ի՞նչ էր կատարվել։ Շա՜տ բան. Տերյանը XX դարի մարդու լեզվով պետք է խոսեր ընթերցողի հետ։ Ամեն ժամանակ ունի իր բովանդակությունն ու դրան համապատասխան ձևերը։ «Ամեն դար,— ասել է Հայնեն,— ստանալով նոր գաղափարներ, ստանում է նաև նոր աչքեր»։ Տերյանը երկար էր մտածել այդ ամենի մասին և հանգել էր միանգամայն ճիշտ եզրակացության՝ Թումանյանից ու Իսահակյանից հետո «կամ նոր, բոլորովին նոր երգ պետք է ասել, կամ պիտի լռել»։ Նախորդներին, Թումանյանին ու Իսահակյանին կրկնելով, նրանց նմանվելով չէր կարելի նոր խոսք ասել. այդ է պատճառը, որ Տերյանը երկար նախապատրաստվում էր իր գրական դժվարին մուտքին։ «Մթնշաղի անուրջներ»֊ով նա մեր գրականության անդաստանը մտավ մայր դարպասներով՝ միանգամից բերելով աննախընթաց նորություններ։ Նրա մասին շատ հարմար է այլ առիթով ասված խոսքը՝ «Իր ճամփան ուրիշին ոտքի տակ չէ ինկած»։
«Մթնշաղի անուրջներ» գրքույկը մեր պոեզիայի մեջ նոր ու փայլուն էջ բացեց, գաղափարական ու գրական կուլտուրայի իմաստով նոր աստիճան նշանավորեց և նոր ուղի նշեց նրա զարգացման համար։
«Մթնշաղի անուրջներ»-ը գրավում էին անսահման հարազատությամբ՝ մարդու հոգեկան աշխարհի նվիրական հույզերի ու իղձերի նրբին ու մտերիմ արտահայտումով, անուրջ կույսի սուրբ շշուկով, լույս երազների քաղցրությամբ ու հուսախաբությունների թախիծով, մթնշաղով, անուրջներով, ներդաշնակ կյանքի, արևի ու գարնան տենչանքներով: Տերյանը լիրիկական նոր հերոս բերեց։
|