22 Փույթ չէ թե ուր, միայն թե դուրս այս աշխարհից (էջ 283)
Առաջին անգամ տպագրվել է «Տարազ», 1897, №13, «Հեռու այս աշխարհից վերնագրով (թարգմ. Գ. Բաբուրյանց), երկրորդ անգամ` «Գործ», 1917, №2:
23 Հայելին (էջ 284)
Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1917, № 21 (թարգ. Բրաջյան), երկրորդ անգամ` «Գործ», 1917, № 2։
24, 25 Պատահանները (էջ 285), Կենդանագրելու տենչը (էջ 285)
Առաջին անգամ տպագրվել են «Գործ», 1917, № 2։
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ
Հ. ՀԱՅՆԵ
Թարգմանությունները կատարված են Պ. Մակինցյանի «բառացի» թարգմանություններից. «Այս պոետից Վահան Տերյանի թղթերում պահվել են ընկ. Մակինցյանի կատարած 26 ոտանավորի բառացի թարգմանությունը։ Դրանց թվում կան և այնպիսի մեծ կտորներ, ինչպես «ճանապարհորդություն դեպի Կիվլար» բալլադը։ Տերյանի փորձերից մենք զետեղում ենք միայն 4 կտոր» («Երկերի Ժողովածու», 4-րդ հատոր, էջ 355)։ Տարիներ անց` «Երկեր»-ի 1956 թ. հրատարակության մեջ Պ. Մակինցյանի հրատարակած «չորս կտոր»֊ին ավելացվեց երկուսը («Երազիս տեսա սիրածիս հին» և «Ձկնորսի սիրուն աղջիկ»)։ Տերյանի ժողովածուներում հրատարակված վեց բանաստեղծություններին «Երեքհատորյակ»-ի 3-րդ հատորում ավելացվեց ևս երկուսը` Ա) «Մայրը կանգնած է պատուհանի դեմ», Բ) «Ես դաշույն եմ, բոց եմ ես» (երկուսին էլ իբրև վերնագրեր գրվել են առաջին տողերը)։
Ի տարբերություն նախորդ հրատարակությունների, պահպանված են բանաստեղծությունների գրության ժամանակագրական կարգը, ինչպես և դասավորությունը ըստ շարքերի։ Տերյանը թարգմանել է «Բնարական ինտերմեցցո» (№ 1), «Վերադարձ դեպի հայրենիք» շարքերից ( № 2 — 6), «Ռոմանսներ»-ից (№ 7) և 1840—1850 թթ. «Ժամանակակից բանաստեղծություններ»֊ից ( № 8)։
1 «Մի եղևնի է կանգնած միայնակ» (էջ 289)
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»֊ ի 4֊րդ հատորում (էջ 89)։ Ինքնագրի 4-րդ տողում (Ձյունից է հյուսած հագուստը նրա) գրված է «սավանը» և վերևը ավելացված` «հագուստը»։ Տերյանի արխիվում պահպանված են թարգմանության նաև երկու այլ տարբերակներ (տե՛ս «Երեքհատորյակ»-ի 3֊րդ հատոր, էջ 584 — 585)։