ճառերի մեծ մասը անհասկանալի էր ինձ, կամ հասկանալի այն չափով, որչափ կարողանում էին արագ թարգմանել իմ հարեվան սիրալիր վրացի ընկերներս։ Սակայն բավական էր լսել խոսելու եղանակից, ինտոնացիայից, և վերջապես Ծերեթելիի դեմքի արտահայտությունից կարելի էր գուշակել, թե որքա՜ն սրտալի ու ներշնչուն էին երիտասարդների խոսքերը։
Ամբողջ Ժամանակ տիրում էր մի զարմանալի պարզություն և անկեղծություն։
Միանգամայն բացակայում էր այդօրինակ հանդեսներին հատուկ զսպված ու չոր պաշտոնականությունը։
Եվ այդ տրամադրությունը իշխում էր, երբ Բոբորիկինը և մի քանի այլ ռուս գրողներ և ժուռնալիստներ եկան ողջունելու «չքնաղ Վրաստանի» պոետին։
Դա «բանկետ» չէր կարծես, այլ մի ընտանեկան ընթրիք, ուր բազմաթիվ զավակներն ու թոռները հավաքվել էին իրանց ալևոր նահապետ-պապի շուրջը և զրույց էին անում։
Խոսեց և ինքը պոետը։ Խոսեց և ռուսերեն։
Դարձյալ ես հիշեցի հայրիկին։
Խոսում էր նրա պես պարզ ու սրամիտ, առանց հռետորական պաթոսի։
Ուսանող ճառախոսները, երբ վերջացնում էին իրանց խոսքը, մոտենում էին և համբուրում պոետի ձեռքը, իսկ նա՝ նրանց ճակատը։
Այդ բանը գրավեց և ներկա եկող ռուսների ուշադրությունը և ըստ երևույթին զարմանք պատճառնեց նրանց։
Անսահման մի պարզություն և անկեղծություն կար այդ ամբողջ հանդեսում։ Կարծես անթիվ զավակները առանց քաշվելու բաց էին անում մի բարի ու ծեր հոր առջև իրանց սիրով լի սիրտը և կամենում էին մխիթարել նրա շատ փուշ ու շատ թույն տեսած սիրտը, նրա՝ ծանր մտածումներով ու վշտերով ալևորված ծերությունը։
Եվ մխիթարված էր նահապետը. լի էին նրա աչքերը ուրախ արցունքներով և նրա խոսքերը սիրով ու հավատով դեպի աճող նոր սերունդը, որ շրջապատել էր իրան։
Եվ իր կարճ, բայց զգացված ճառերում նա մի քանի անգամ արտահայտեց այդ հավատը, որի պատճառով նա իրան երջանիկ