Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

13. ՊԵՏՐՈԳՐԱԳԻ ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Տեղիս Հայ Գեղարվեստական Ընկերությունը, որ մի քանի ամսից ի վեր ընդհատել էր իր գործունեությունը, վերջերս վերսկսեց այն Վարդանանց տոնի առիթով կազմակերպված մի երեկույթով։

Բավական է մատնանշել այն հանգամանքը, որ Ընկերության երեկույթների գլխավոր հաճախորդները տեղիս հայ ուսանող-ուսանողուհիներն են, որպեսզի պարզ լինի, թե որքա՜ն համակրելի է խրախուսելի պետք է համարել Ընկերության հիմնադիրների և ղեկավարների եռանդուն և միանգամայն անշահախնդիր գործունեությունը։

Այս Ընկերությունը կարող է որոշ կապ հաստատել ու պահպանել տեղիս ցրված ուսանողության և հասարակության միջև։

Որոշ հոգևոր շահերի շուրջը անտարակույս կարող են միանալ տեղական հասարակության դեմոկրատիկ մասը մի կողմից և ուսանողությունը մյուս կողմից։ Ասում եմ դեմոկրատիկ, որովհետև այստեղի բուրմուական տարրերը համախմբված են մի հիմնարկության շուրջը, որ «հայկական ակումբ» է կոչվում և որի մուտքը փակ է ուսանողների առաջ, որի մեջ տիրող մթնոլորտը հազիվ թե գրավիչ լինի դեմոկրատ տարրերի համար։

Այդ՝ չգիտեմ ինչ՛ու «հայկական» կոչվող ակումբի ղեկավարներն ու անդամներն ուսանողներին մտաբերեցին միայն այն ժամանակ, երբ պետք էր նրանց կռվի դաշտ ուղարկել իբրև կամավորների, այն ժամանակ այդ պարոնների ոգևորությունը հասավ այն աստիճանին, որ մինչև անգամ ճանապարհածախս տվին կռիվ գնացող ուսանողներին... եկեղեցու փողերից։

Հայ Գեղարվեստական Ընկերությունը այդպես չէ։ Նա ամենայն սիրով ընդունում