Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խլել ու գյուղացիներին տալ և ոչ էլ Հիմնադիր ժողով էր գումարում։

Բոլշևիկների կուսակցությունն սկսեց հասկացնել ժողովրդին, որ այդ ժամանակավոր կառավարությունը ժողովրդին խաբում է և ոչ պատերազմն է ուզում վերջացնել, ոչ էլ ժողովրդին հող տալ։ Բոլշևիկներն ասում էին ժողովրդին՝ թե խելք ունես, գլխիդ ճարը ինքդ պիտի տեսնես, թե չէ, այս հողատեր ու փողատեր մինիստրները ոչ պատերազմին վերջ կտան, ոչ էլ քեզ հող կտան։ Ժողովուրդն սկսեց հասկանալ բանն ինչումն է։ Ժամանակավոր կառավարությունը տեսավ, որ իր խորամանկությունը բացվում է, նոր խորամանկություն մտածեց։ — Լավ, ասաց ժամանակավոր կառավարությունը, քանի որ դուք մեզ փողատեր (կամ բուրժուա) մինիստրներիս չեք հավատում, բերեք իշխանությունը կիսենք, մենք կկանչենք մինիստր մի քանի հոգի էլ ձեր սոցիալիստներից, թող մինիստրների մի մասը սոցիալիստ լինի, մի մասը փողատեր ու հողատեր։ Եվ իրանց ուզած կիսատ սոցիալիստներից վեց հոգի էլ ժամանակավոր կառավարության մեջ առան, որ ժողովրդի աչքը նրանով քոռացնեն։ Բայց այդ վեց նոր մինիստրներն այն տեսակի սոցիալիստներից էին, որոնք ուզում էին գայլին ու գառին հաշտեցնել ու համաձայնեցնել, ուզում էին աղային ու ճորտին միացնել։ Դա անհնար բան է, ընթերցող, և իսկական սոցիալիստը այդպիսի բան չի մտածի, որովհետև գիտե, որ ոչ գայլն ու գառը կհաշտվեն, ոչ ջուրն ու կրակը։ Իսկական սոցիալիստը գիտե, որ չի կարելի ջուր ու կրակ իրար խառնել—կամ կրակը կմարի, կամ ջուրը կչորանա, նրանք գիտեն, որ կամ գառը պիտի սաղ մնա, կամ գայլը քաղցած — ուրիշ կերպ չի լինի։ Իսկ նոր մինիստրները, որ իրանց սոցիալիստ էին անվանում, ուզում էին անհաշտելին հաշտեցնել, բայց վերջը հողատեր և փողատեր մինիստրների խելքին հարմարվեցին ու նրանց կամակատարը դարձան։

Կոմունիստները գիտեն, որ անհաշտելին չեն կարող հաշտեցնել և չեն ուզում հաշտեցնել, դրա համար հարցը դնում են պարզ, շիտակ ու կտրուկ։

— Բոլոր հողը պետք է բոլոր ժողովրդին լինի, ասում է Լենինը։ Հողատեր — աղաները Ռուսաստանում երեսուն հազար հոգի են, իսկ նրանց ձեռքում յոթանասուն միլիոն դեսյատին հող