Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի գիմնազիայում արդեն ուսումը դադարեցրած է և հինգշաբթի պետք է մշակվի միջնակարգ դպրոցների աշակերտների պահանջների ծրագիրը։ Խորհրդակցության մասնակցում են բոլոր դպրոցների ներկայացուցիչներ։ Մինչև մարտի մեկը մեր ճեմարանում ուսում չի լինի, իսկ հետո զաբաստովկա կանենք՝ այնպես որ հավանական է, որ փակվի մինչև սեպտեմբեր։ Տեսնենք կհաջողվի՞, թե՞ չէ։ Մեր ճեմարանը պետք է դնե իր առանձին պահանջները, ինչպես՝ հայոց պատմություն մտցնել, որ նախկին ծրագրում կար, հայոց լեզվի դասերը ավելացնել, մինչև 5-րդ դասարան աշխարհաբար լինի և այլն։

Ռեալական դպրոցները պահանջում են առանց քննության համալսարան մտնելու իրավունք։

Ամսույս 19-ին պետք է հայտարարեն «Զեմսկի սոբոր»-ի կոչը և նույն օրը այստեղ անկարգություններ են սպասվում։

Երեկ հեռագրներում կարդացինք Բաքվի դեպքերի մասին, շատ վատ տպավորություն գործեց։

Ամենքը համոզված են, որ դա մի նոր кишиневский погром է, որ պատրաստել է կառավարությունը։

Շատ հետաքրքիր են մանրամասնություններ, որ այդտեղ հայտնի կլինեն և որ լրագրներում չեն գրում, եթե գիտեք, գրեցեք դրա մասին։

«Liber»-ի հրատարակությունը առայժմ հետաձգեցինք «զաբաստովկաների» պատճառով։

Երեկ գնացի Հայկանուշի մոտ՝ տանը չէր, էլի տեսնես ուր է չքվել։

Անցյալ օրը Սերգեյ Ալեքսանդրովիչի մի մատը գտել էին կտուրներից մեկի վրա։

Հիմա այնպիսի ժամանակներ են, որ, ո՞վ գիտե, գուցե մի քանի օրից ես էլ Թիֆլիս լինեմ։

Մեր ճեմարանի Լիցեյը փակվել է արդեն։

Կիրակի եկեղեցում բանկետ սարքեցինք և վճռեցինք միանալ մյուս միջնակարգ դպրոցներին և դադարեցնել ուսումը։ Ձեզ բարևում է Ցոլակը։

Լավ «տրմբներ» ենք սպասում, տեսնենք։