Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուք անբավական եք Թիֆլիսից, բայց երևի ճիշտ է, որ «լավ է միայն այնտեղ, ուր մենք չկանք»։ Նամակս գրում եմ հունարենի դասին-սրանից լավ զբաղմունք ի՞նչ կա։

Այսօր տեսուչը ասաց, որ հեռագիր է ստացել Ձեզնից։ Ինձնից հասցե ուզեց, տվի՝ պետք է պատասխաներ։

Բաքվի դեպքի մասին² բավականին շատ տեղեկություններ ստացանք, որովհետև այստեղ էլ կան Բաքվից եկածներ։

[Ինձ սարսափելի ձանձրացրել են այս բոլոր դասերը և մշտական պարապությունը դասերի ժամանակ, և հետո՝ շշմել եմ ու ամբողջ հոգով ձգտում եմ Կովկաս։ «Ինստիտուտի աշակերտը իզուր ուշացավ»³։ Գրեցեք խնդրեմ, թե այդտեղ Ձեզ մոտ ի՞նչ նորություններ կան։ Հոգնեցի։ Ցտեսություն]։

Վահան

13. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ

<1905, փետրվար, Մոսկվա>

Սոնա

Սպասում էի, որ կստանամ Ձեզնից նամակ՝ թե գալիս եք, ապա, երբ երկաթուղին կանգնեց, ես կարծում էի, որ Դուք ինքներդ գնացքների սկսվելուց կերևաք, ենթադրելով, որ Ձեր նամակը կորել է։

Ինչպես երևում է Դուք ոչ մի միտք չունեք այս... երկիրը վերադառնալու, ուստի շտապում եմ գրել։ Մի՞թե չէիք կարող գոնե մի երկտողով իմաց տալ, որ չեք գալու։

Վերջին դեպքերի մասին¹ չեմ ուզում գրել, քանի որ նրանց մասին երևի լրագրներում կարդացած կլինեք։ Քանի որ չեք գրում, ես նորից ենթադրություն եմ անում, որ Դուք շուտով կգաք, այնպես որ երկարացնել չեմ ուզում առայժմ, մանավանդ, որ այսպիսի ժամանակներում դժվար է գրել։

Հայկանուշը երեկ ճեմարանում էր. Ձեզ բարևում է և ասում է, որ նամակ գրեք Դուք և Ձեր ընկերուհին²։

Ես այժմ երթևեկ եմ³։ Ճեմարանում ուսումը երկու շաբաթ է դադարել է։