Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքս նշանակություն չեմ տալիս այդպիսի դեպքերում ուրիշի մխիթարանքին և ինքս էլ այժմ համոզված եմ, որ ես իզուր տեղը նրան կանհանգստացնեմ։

Ուղարկածս բանաստեղծությունը (?) գրել է ընկերներիցս մեկը¹ և, մեր մեջ մնաք, Ձեր նկատողությունը շատ ճիշտ է։ Վերջերս Հայկոյի մոտ եղած ժամանակս նա գրել էր Ձեզ նամակ (սրանից մի 10 օր առաջ)։

Այստեղի գիմնազիստները և առհասարակ բոլոր միջնակարգ դպրոցների աշակերտները վճռել էին դադարեցնել ուսումը, բայց այժմ ամեն ինչ դադարել է և ամեն տեղ ուսումը շարունակվում է կանոնավոր կերպով, ինչպես և մեր ճեմարանում։ Դուք գրում եք, որ մտադիր եք Գերմանիա գնալ, իսկ Հայկանուշը մի ժամանակ ասում էր, որ Դուք մի կոմպանիա եք սարքել ամառը էքսկուրսիա անելու, ի միջի այլոց Հայկոն ինձ էլ էր կանչել, և ես մտադիր էի անպատճառ գալ: Սաստիկ կարոտել եմ Կովկասին և այս ամառ ոչ մի դեպքում Ռուսաստան չեմ մնա։ Ես համոզված եմ, որ Գերմանիա գնաք, կզղճաք։ Վերջապես ինչո՞ւ եք շտապում, մի՞թե հենց Կովկասում անելիք քիչ կա և կարելի է։

Սոնա, գիտեք ի՞նչ, մի օր Ցոլակի հետ խոսում էինք ձեր մասին և երկուսս էլ վախենում էինք մտածել այն բանի մասին, թե արդյոք Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դեպի մեր ազգային գործերը — իհարկե լայն մտքով վերգրած։

Մտադիր ենք մի նամակ ուղարկել «Ցնոբիս-Փորցելի»-ին և մեր համակրությունը հայտնել վրացիներին նոցա բռնած լավ դիրքի համար՝ վերջին դեպքերում²:

Այստեղ առանձին նորություններ չկան, իսկ քաղաքական նորությունների մասին Դուք ինքներդ կկարդաք։ Ձեր ուղարկած բաներից ես էլ կերա Հայկոյի մոտ։

Բարևեցեք նրան ինձնից և Ցոլակից։ Ցոլակը բարևում է Ձեզ։ «Լիբեր»-ը³ լույս չտեսավ այն պատճառով, որ հարմարություններ չունեինք հեկտոգրաֆով տպագրելու։ Եթե ուզում եք, կուղարկեմ ընկերներիցս մեկի թարգմանությունները մեր բանաստեղծներից՝ գլխավորապես Պատկանյանից։

Միակ մխիթարանքս ընթերցանությունն է, և դրա համար եթե գրեք, շատ ուրախ կլինեմ։ Բարևեցեք մեր բարեկամներին։

Վահան