Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն ինչը իրենցից՝ էքսկուրսիան արժե 50 ռուբլի (Շվեդիա և Նորվեգիա) և 90 ռուբլի, եթե գնաս նաև Շվեյցարիա։

Ի՜նչ շքեղ բան, ճիշտ չէ՞։ Ինչ լա՜վ կլիներ մարդ գնար։ Տեսնենք ինչ կլինի9։

Մանյան ինձ դուր է գալիս, ուրիշ ոչինչ, հավատացնում եմ քեզ, դեռ չեմ խենթացել, իսկ երբ այդ օրը գա (եթե միայն գա), քեզ կգրեմ։

Քո քրոջից, որին նամակ էի գրել, մի շատ սիրալիր բացիկ ստացա և հեռակա սիրահարվել եմ։ Սպասում եմ քո բանտից դուրս գալուն, որպեսզի գնանք, և խոնարհվեմ նրա առաջ սիրո աղոթքը շուրթերիս։ Մանյան բարևում է քեզ և գովում, բայց շնորհակալ եղիր ինձ, որովհետև ես եմ քեզ նրա առաջ գովել— երկինք հանել։ Ափսոս, որ այնպես էլ չհաջողվեց ծանոթանալ քո Կատյայի հետ, հետաքրքիր կլիներ տեսնել քո սիրեցյալին։ Կոլյան Գանյայի հետ է քարշ գալիս, որը, ի դեպ, սքանչելին է։ Ամեն տեսակետից նա զմայլելի է, և մենք (գոնե ես) հիմա լավ բարեկամներ ենք։ Երևակայիր, նույնիսկ ես նրան նայում եմ մարդկային տեսակետից, թեպետ նաև որպես կին շատերին և նույնիսկ շատ շատերին նա կարող է որպես իդեալ ծառայել:

Մայրիկդ չի գա, այդպես էր գրել քույրիկդ ինձ։

Համենայն դեպս գնեցի Նյուրայից նրանց համերգի տոմս (առայժմ վարկով), կլինի Կերները — այն Կերները, որի հետևն էի ընկած այնքան խելահեղ։ Բայց տոմսը գնեցի պայմանով, որ Նյուրան ինձ ծանոթացնի նրա հետ և դրա համար էլ տոմսին պետք է վճարեմ ամբողջ 110 կոպ» (1 ռ. 10 կոպ.)։

Տեսնո՞ւմ ես ինչ երկար նամակ գրեցի քեզ, չնայած այն բանին, որ տրամադրությունս անտանելի է, անասնային, զազրելի։ Այդ այն պատճառով, սիրելիս, որ քեզ սիրում եմ։ Եվ դու չպետք է, չհամարձակվես, ինձ դավաճանել, հասկացա՞ր։

Քո Շվին

Մելին նույն բանը կարդալ — այլևս չեմ կարող։