Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետաքրքիր է իմանալ, այդ ինչո՞վ պետք է բացատրել»։ Եվ ուրիշ ոչինչ։ Եթե դա այդպես լիներ, չդիտեմ, կուրախանայի, թե ոչ։ Բայց և այնպես կուզենայի որևէ բանով արդարացնել պատասխանիս ուշացումը։ Կարծում եմ, լավագույնը կլինի պարզել ձեզ, թե ինչ էի անում վերջին օրերս։ Արտաքին փաստերը հետաքրքիր չեն։ Կարևորը ներքին, հոգեկան վիճակն է։ Ճիշտ չէ՞։ Ձեր նամակն ստանալու իսկ օրից ամեն օր պատրաստվում էի ձեզ գրել, բայց ամեն անդամ նետում էի գրիչս, ի վիճակի չլինելով գրել ձեզ (թեկուզ այն մասին, որ չեմ կարող գրել)։ Ես հեռանում էի տնից՝ «ուր կուզե լինի, միայն թե հեռու»։ Սարսափելի էր մենակ մնալը։ Ես փախչում էի առանձնությունից ու մենությունից, որոնք այնպես սիրում եմ տրտմության րոպեներին։ Դա սարսափելի Թախիծ էր։ Դուք հասկանո՞ւմ եք ինչ բան է Թախիծը։ Անառիթ անել, խոր, ծանր Թախիծը։ Դուք հասկանո՞ւմ եք։ Դա գրեթե ֆիզիկական ցավ է պատճառում ։ Ամենուր նա է, հասկանո՞ւմ եք, նա ամենուր է՝ իմ մեջ, իմ շուրջը, իմ վերև, ամենուր։ Լավ է, եթե դա չեք հասկանում, սիրելի Անտյա։ Ես այնպես ուրախ կլինեի ձեզ համար։ Այդ օրերին ես տնից գնում էի փողոց, ընկերներիս, ծանոթներիս մոտ։ Երկու օր գիշերեցի Կոլյայի ու Հայրունու1 տանը։ Համենայն դեպս ավելի լավ է, շաղակրատում ես, կատակում ես, «ցրվում ես», թեև առանց այդ էլ չի կարելի ասել, թե ցրված չէի։ Իսկապես ասած, այս հոգեվիճակի մասին պետք չէր գրել։ Երկու պատճառով։ Նախ նրա համար, որ դա համարյա անպատմելի է: Երկրորդ, միշտ դժվար ու անցանկալի է ծավալվել այնպիսի ապրումների շուրջը, որոնք անհասկանալի են այդ ապրումներին և որ գլխավորն է, այդ ապրումներն ունեցող մարդուն անծանոթ շատ շատերի համար։ Ես մի փոքր անհարթ արտահայտվեցի։ Գիտե՞ք ինչ, մարդկանց որոշ վիճակները հասկանալու համար անհրաժեշտ է նրանց մոտիկից ճանաչել և կամ, առանձնապես մոտիկից չիմանալով, նրանց ապրումներին մոտենալ զգայուն կերպով և դրանք հասկանալու անկեղծ ցանկությամբ։ Դա հազվադեպ է լինում: Ես լիահույս եմ ձեզ վրա։ Ինչու՝ չգիտեմ։ Գուցե նրա համար, որ ձեր անկեղծությունը վստահություն է ներշնչում։ Չգիտեմ: Գուցե մի այլ պատճառ կա։ Միայն գիտեմ, որ ամեն անգամ, երբ պատրաստվում էի ձեզ գրել, ինձ համար պարզ էր լինում, որ ձեզ պետք է գրեմ իմ թախծի մասին և գլուխ չազատեմ