Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորական պատասխանով: Բայց դրա հետ մեկտեղ ինձ համար միշտ դժվար է լինում հաղորդել այդ տրամադրությունը։ Ահա մասամբ իմ երկար լռելու պատճառը։ Այդ տրամադրությունը հա գտնվում է անակնկալ։ Բոլոր առարկաները կորցնում են իրենց նշանակությունը։ Կամ, ավելի ճիշտ, այլ երանգ են ընդունում։ Երբեմն այդ վիճակն այնքան տանջալից է լինում, որ պատրաստ ես լինում ամեն ինչ տալու, միայն թե մենակ չմնաս այդ սարսափի մեջ։ Եվ այդ րոպեներին ընդունակ ես լինում ինչ հիմարություն ասես անելու։ Բայց և այնպես դա անցնում է, ինչպես և ամեն ինչ։ Անսպասելի անցնում է, ինչպես անսպասելի հայտնվել էր։ Տարօրինակ հյուր է։ Ցտեսությո՜ւն։ Ոչ, այդ չես ասում նրան։ Այլ խնդագին ընդունում ես վրա հասած դադարը։ Կյանքդ դառնում է լուսավոր ու զվարթ։

Այ, հիմա այդպես է։ Իմ հոգում մի տեսակ լուսավոր հեզություն ու խաղաղ ուրախություն է տիրում։ Այդպիսի ուրախություն զգում ես որևէ վսեմ գեղեցկություն տեսնելիս։ Դա աղմկալի զվարճություն չէ: Ոչ, դա, եթե կարելի է ասել, «թախծոտ ուրախություն» է, որը չի վախենում առանձնությունից ու մենությունից» այլ ավելի շատ ձգտում է դրան։ Այդ ուրախությունը նման է այն տխրությանը, որը հարուցում է գեղեցկությունը, ինչպես ասում է հանճարեղ Չեխովը (սիրո՞ւմ եք Չեխովին, Անտյա) իր «Երկու գեղեցկուհի» պատմվածքում (կարծեմ այնտեղ է, ստույգ չեմ հիշում)։ Այդ ուրախալի թախիծը կամ թախծալի բերկրանքը ամբողջովին համակել է իմ հոգին։ Լավ են այդպիսի րոպեները։ Դրանք իմաստուն րոպեներ են։ Այդ րոպեներին մարդ իրեն չի զգում աշխարհից կտրված, լքված ու միայնակ, ընդհակառակը, նա միաձուլվում է տիեզերական ներդաշնակության հետ։ Բայց այդ մասին բավական է, թեև գիտեմ, որ չասացի այն, ինչ ուզում էի ասել։ Չկարողացա ավելի լավ արտահայտվել։ Դա ներելի է։ Մանավանդ որ ուզում եմ շուտով ավարտել նամակս և ուղարկել, որպեսզի ձեզնից շուտով նամակ ստանամ։ Դուք գրում եք, որ մի տեսակ «տարօրինակ վիճակի» մեջ եք եղել, երբ պատրաստվում էիք ինձ գրել։ Այդ ինչ էր եղել ձեզ։ Արդյոք Կոլյայի նամակը չէ որ ազդել ձեզ վրա այդպես։ Ասենք, գուցե դա «չպետք է» ինձ հետաքրքրի։ Այսօր Դոդյան մի ընկերոջ միջոցով հրավեր է ուղարկել, որ գամ ձեզ մոտ Ցարիցին։ Ես արդեն ձեզ գրել եմ, որ