Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

84. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1909, 3 հունվարի, Մոսկվա

Անտյա

Վերջին նամակումս խոստացել էի մի անգամ էլ զրուցել ձեզ հետ ձեր վերջին նամակի առթիվ։ Ինձ համար շատ հաճելի է, որ հնարավորություն ունեմ խոսքս կատարելու, չնայած այն բանին, որ տրամադրությունս տեղը չէ, կամ, ավելի ճիշտ, ուղղակի գարշելի է։ Դրա համար պատճառներ ունեմ, որոնց մասին հիմա չեմ գրի։ Կգրեմ նամակիս վերջում, եթե ժամանակ լինի, քանի որ արդեն գիշերվա ժամը մեկն է լինում։ Ձեր նամակի առաջին իսկ տողերում հանդիպում է «ապատիա» բառը։ Դա սարսափելի բառ է։ Որքա՜ն հաճախ ես լսում հիմա այն։ Ամեն տեղ և ամենուրեք։ Ամենքի շուրթերին, աչքերում, քայլվածքի մեջ, ամեն, ամեն ինչում այդ բառն է՝ ապա՛տիա։ Դժբախտաբար դուք պարզ չեք նշում այդ զգացման հետ կապված պատճառները, կամ ավելի ճիշտ՝ ուղղակի մտքերն ու ապրումները։ Պատճառներն, իհարկե, ընդհանրապես հայտնի չեն լինում։ Նա (ապատիան) գալիս է անլսելի, աննկատելի, գողի պես։ Դժվար է, կամ նույնիսկ անհնար է, որ մարդ ինքը որոշի ապատիայի պատճառները։ Բայց փոխարենը՝ դա ավելի հեշտ է հաջողվում օբյեկտիվ դիտողին։

Ես մի լավ ծանոթ աղջիկ ունեի։ Նա տառապում էր «դարի»՝ դարաշրջանի՝ վերջին տարիների այդ հիվանդությամբ։ Դա նրա մեջ տեղի էր ունենում այն պատճառով, որ հիասթափվել էր սիրուց, բայց ավելի շատ նրանից, որ հիասթափվել էր իրենից։ Նա անչափ սիրում էր բեմը (իր ասելով) և ուժեղ հակում էր զգում դեպի այն։ Բայց նրան պակասում էր ինքնավստահությունը և որոշ պայմաններ։ Ավելի շատ՝ առաջինը։ Այն ժամանակ նա ամեն ինչից զզվեց։ Նա դարձավ անտարբեր դեպի ամեն բան, և ես լիովին հավատում եմ նրան, երբ ասում է, կյանքին վերջ կտա ինքնասպանությամբ։ «Բան չկա, որին ձգտես, բան չկա, որ ցանկանաս, էլ ինչո՞ւ ապրես»։ Այսպես է դատում նա։ Եվ նա միակը չէ։ Այդպիսի դատողություններ որքան ուզեք։ Մի քանի օրիորդ խոստովանել են ինձ այդ ոգով։ Իսկ ինչո՞վ է բացատրվում այդպիսի ապատիան։ Նրանով, Անտյա, որ այդ մարդիկ չեն կարող