վրա: Բայց համենայն դեպս տրամադրությունս այնքան էլ լավ չէ, և դա շատ պատճառներ ունի, որոնց մասին նամակում չարժե ծավալվել։ Կասեմ միայն, որ պատճառների արմատը այն ներքին հակասությունների և կասկածների մեջ է, որոնք վերջին տարիներս մաշում են հոգիս։ Իմ միտքն զբաղեցնող հարցերը հազվադեպ են պատասխան գտնում, իսկ առանց պատասխանների, թեկուզ և սխալ, ես չեմ կարող հանգիստ ապրել։ Ես սիրով կգրեի ձեզ այդ ամենի մասին, Անտյա, եթե ֆիզիկապես հնարավոր լիներ, բայց հավատացնում եմ ձեզ, դա անհնար է, որովհետև հարկադրված կլինեի գրել մի ամբողջ հատոր։ Այ, եթե գաք, ձեզ կպարզաբանեմ ամեն ինչ։ Ես շատ ուրախ կլինեմ ձեր գալուն։ Իհարկե, չեք մոռանա ինձ տեղյակ պահել ձեր գալստյան մասին, իսկ մինչ այդ չեք ծուլանա ինձ երկար նամակ գրել։ Հա՛, ահա թե ինչ. երբ համալսարանում Դավթից հարցրի ձեր հասցեն, նա մի տեսակ ծաղրաբար ժպտաց... Ճիշտն ասած, դա ինձ համար տհաճ էր։ Կարծես թե նա մի բան նկատեց ձեզ գրելու իմ ցանկության մեջ, կամ այն բանում, որ մենք առհասարակ նամակագրություն ունենք (չգիտեմ, դա նրան հայտնի Է, թե ոչ, բայց ենթադրում եմ, որ այո)։ Ինձ թվում է, որ իմ անկեղծ, բարեկամական վերաբերմունքը դեպի ձեզ արժանի չէ այդպիսի վերաբերմունքի, և հույս ունեմ, դուք դրան վերաբերվում են հենց այնպես, ինչպես և ես, այսինքն դրանում տեսնում եք լոկ այն, ինչ որ պետք է, առանց որևէ ետին մտքի։ Ահա դրա համար էլ ինձ թվում է, ավելի լավ է ձեզ հետ տեսնվենք այնպես, որ կողմնակի մարդիկ չլինեն, որոնք կարող են ամենևին չհասկանալ մեր լավ հարաբերությունները, բացի այդ, ես կուզենայի մի երկու ժամ ձեզ հետ անցկացնել միայնակ, այնպես որ դուք հարմարեցրեք, կամ ինքներդ անցեք ինձ մոտ։ Բայց այդ ամենի մասին մենք դեռ կհասցնենք մտածել։ Միայն թե եկեք, հետո ամեն ինչ լավ կլինի և, կարծում եմ, չեք ափսոսա, որ թողել եք սքանչելի քաղաքն Խսրկով։ Ի դեպ, այն ամենը, որ գրել էի նախորդ էջում, դատարկ բաներ են, և ես կարող եմ սխալված լինել։
Օնիկը դեռ այստեղ է, բայց օրերս ժամանակավորապես գնում է Պիտեր իր գործերով։ Ձեզ հայտնի՞ է նրա դրությունը։ Շատ հնարավոր է, որ նրան հանդիպեք այստեղ, իսկ կարող է նաև պատահել, որ մինչ այդ նա Քիշնև մեկնի։