Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

114. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

1910, 30 հունիսի, Ախալքալաք

Սիրելի Կարեն

Այսօր ստացա 10 օրինակ «Գարուն», իսկ երկու օր առաջ ստացել էի գյուղում անդորրագրերը1։ Կաշխատեմ թե՛ մեկի, թե՛ մյուսի համար։ Համենայն դեպս տաս-տաս օրինակ ամեն մեկից կտարածվի։ Մի պարոն այստեղ խոստանում է 40 գիրք ծախել և 40 էլ բաժանորդ գտնել, բայց պահանջում է 20 տոկոս զեղչ։ Չեմ համաձայնվել — այդպիսի պատասխանատվություն չեմ ուզում վրաս առնել։ Եթե գտնես, որ կարելի է այդպես անել և դա մեզ ձեռնտու է, այն ժամանակ գրիր և ուղարկիր։

Սրանից մի շաբաթ առաջ ես քեզ բաց նամակ էի գրել գյուղից2, չգիտեմ ստացար թե ոչ։ Թիֆլիսում եղա Հովհ. Թումանյանի մոտ, նա խոստանում է երկրորդ գրքին նյութ տալ։ Տեսնվեցի Ավետիք Իսահակյանի հետ ևս։ Փափազյանին հանդիպեցի մի երկու անգամ։ Ի միջի այլոց նա խոստացավ ուղարկել մեղ պոլսահայ գրողների ցուցակը։ Նրա ասելով Չիլինդարյանի3 տված ցուցակը կազմված է դաշնակցականներից։ Հոնորարից Փափազյանը շատ գոհ է մնացել։ Տո՛, «հեր օխնած», ինչո՞ւ մյուս աշխատակիցներին հոնորար չես ուղարկել — օրինակ Իսահակյանին, Տիգրանյանին4 և այլն։ Դա կասկածներ է հարուցանում։ Ընդհանրապես «Գարուն»-ը համակրություն վայելում է, թեև գտնում են, որ թույլ բաներ կան։ Հետաքրքրություն դեպի մեր լավ ալմանախը կա։ Գրախանութում լավ է գնում գիրքը համեմատած մյուս հայերեն գրքերի հետ։ Գրվածներիցդ «էրֆուրտի ծրագրին»5 են հավանում ավելի։

Այս օրերս կարդացի «Հորիզոն»-ում «Ալ. Ծատուրյանը կախաղանի վրա»6: Հա՛, ասում ես, թե «Հորիզոն»֊ը լռում է։ Երևի դեռ չես ստացել — այնտեղ Մարգարը գրել էր մի շարք ֆելիետոններ «Գարուն»-ի մասին7։ Ընդհանրապես իմ հույսերը մեծ են «Գարուն»-ի վերաբերությամբ և մեզ մնում է եռանդով առաջ տանել գործը, միայն՝ խիստ վերաբերվելով դեպի նյութերը։ Ես հավատացած եմ, որ 2-րդ գիրքը ավելի հետաքրքրական կլինի։ Այստեղ շատերը խորհուրդ են տալիս «Գարուն»֊ը դարձնել երկամսյա