Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

116. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1910, 13 հուլիսի, Ախալքալաք>

Սիրելի Ցոլակ

Նամակ գրելուց ետ եմ սովորել։ Քանի անգամ նստել եմ քեզ նամակ գրելու և գրիչս ցած եմ դրել։ Գրելու և խոսելու բան չափազանց շատ կա, բայց չեմ կարողանում գրել։ Ահա երկու շաբաթ է քաղաքումն եմ և գրեթե ոչինչ չեմ շինում, ազատ եմ, անգործ թափառում եմ, բայց էլի որ նստում եմ նամակ գրելու, գրիչը ձեռքիցս ընկնում է։ Սաստիկ ձանձրանում եմ այստեղ և անհամբեր սպասում եմ օգոստոսին, որ չվեմ դեպի Մոսկվա, թեև իսկի չգիտեմ ինչ պիտի անեմ այնտեղ։ Մեր բանը յոլա գնալով է — ничего не поделаешь. Չգիտեմ ի՛նչ է պատահել ինձ — սաստիկ ապատիա եմ զգում դեպի ամեն ինչ։ Աշխատում եմ օրերը մթնեցնել։ Երևի Варенька-ն այդտեղ է, և ես ենթադրում եմ, որ լավ եք զգում ձեզ — թե՛ դու, թե՛ նա. եթե, իհարկե, աչքի առաջ չունենալ ապագայի հեռանկարը — ձեր անջատման հեռանկարը, որ ինձ ցավեցնում է անչափ։ Ինչքան լավ կլիներ, եթե հաջողվեր միասին (քեզ և Վարինկային) գնալ Մոսկվա։ Սուսաննայից հաճախ նամակներ եմ ստանում — նա Ժելեզնովոդսկ է — մայրը հիվանդ է, տարել է այնտեղ (մորը և քրոջը): Երևի քեզ կհետաքրքրի — իմ և նրա հարաբերությունները շատ լավ են և մեր նշանվելը փաստ է։ Ուզում էի, որ նա գար այստեղ, բայց այդ մոր հիվանդությունը խանգարեց, մյուս կողմից էլ այստեղի անհարմարությունները ինձ համար այնքան էլ ցանկալի չէին դարձնում նրա գալը, թեև նրա գալը գրեթե անհրաժեշտ էր։ Մի խոսքով։ Ամսի (օգոստոս) սկզբներին մտադիր եմ գնալ Տփխիս և այնտեղից (հուսով եմ քեզ հետ միասին) կգնանք Մոսկվա։ А там — посмотрим.

Վաղը գնում եմ մոտակա գյուղերից մեկը — քրոջս մոտ, հետո կգնամ գյուղ և այնտեղ կմնամ մինչև գնալս։

Ծատուրյանից (ուսանող) նամակ ստացա՞ր, թե՞ ոչ։ Ի՞նչ ես անում։ Ինչպե՞ս է Վարյան: Ինչպե՞ս են գործերդ, տրամադրություններդ։

«Գարուն»-ի համար այստեղ 20-ից ավելի բաժանորդ ենք գտել, կարող է հասնել 40-ի մոտիկ ապագայում։