Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտահայտության համար բառեր է որոնում — և իհարկե գտնում է այն մեր կղերականությամբ լեցուն կյանքի ճոխ լեքսիկոնում։ Հայ ազգային (հասկացիր ծխական) բանաստեղծի լեզուն նույն լեզուն է, որը գործածում է ազգային քննադատը։ Նրանց պատկերացումներն ու սիլլոգիզմները նույնն են։ Նրանք անտարակուսելի, նախորոշված համաձայնության մեջ են։ Նրանք իրար շատ լավ են հասկանում և ամեն կերպ հարմար են իրար։ Հռչակավոր հայ պուբլիցիստը (նաև կրիտիկոս, ինչպես դժբախտաբար միշտ լինում է) նոր կաթողիկոսի ընտրության ժամանակ խորիմաստ խորհրդածություններ է անում այն մասին, թե որքան սպասելիքներ ունի ազգը (իհարկե իր այդ պուբլիցիստի ըմբռնած ազգը) կաթողիկոսից, որպիսի՜ վառ հույսեր ունի ազգը, որոնց իրականացնողը պիտի լինի հայ կղերականների պետը։ Այդ կղերական պետի բարեմասնություններից ու բարի հայեցողություններից է կախված ազգային լուսավորության խնդիրը, նրա լուսամիտ կամքից է կախված հայ կյանքի վերանորոգությունը:

«Ահա այն մեծ ու հոյակապ խորհուրդները, որոնց պիտո է սպասավորե մի խոհական վսեմամիտ, բարձրահայաց հայրապետ լուսավորչական աթոռին, ահա այն մեծ, իմանալի վար ու ցանքը, որ պիտո է կատարե նա հայկական անդաստանի վերա։ Ահա այն մեծ բարոյական պարտականության լուծը, որ նախախնամական աջը դրել է նորա ուսերի վրա։ Քաջահույս է ազգը, որ հայկական եկեղեցու մեծ քահանա Մատթեոսը խելամուտ լինելով իր սրբազան վեհ կոչման, ծանր պարտականություններին, միտք դնելով ազգի բազմամասնյա պիտույքներին և մեր ներկա ժամանակի պահանջողություններին իր ճարտարապետական ձեռամբ կսկսանե ազգային վերանորոգության շինությունը, որ կբանա Հայաստանի վրա մի նոր կենդանության գեղեցիկ առավոտ։ Կեցցե՜ Մատթեոս մեծ քահանա վասն հայոց բարեբախտության, կեցցե՜»։ Սա Նազարյանն է — հայ պուբլիցիստ-կրիտիկոսը։

Այժմ լսեցեք մի այլ ցիտատ.

Կղե՞ր, ի՞նչ անուն ձեր գործի համար

Կարող են ձեզ տալ գալոց թոռները.

Ո՞չ անփառունակ ամոթ դարեց դար

Նշավակելու են ձեր օրերը