Կարծեք թե ըմբոստացում է սա կղերի դեմ, սակայն լսեցեք շարունակությունը.
Բարձրացի՛ր հոգով դու կրոնուսույց
Քեզ շըրջապատող խավարից մոլար.
Մեծ զորությունն այն աշխարհակառույց
Քննելով քննի՛ր դու հայտնաբարբառ:
Ճշմարիտն ասեմ, այդ պարոնները
Չըգիտեն պաշտել և ոչ մի աստված.
Դոքա պաշտում են յուրյանց ախտերը
Եվ չունեն ոչինչ սե՛ր հասարակաց։
Եվ ապա՝
Ակադե՛միա Մայր էջմիածնում,
Նախագահ վանքի զավթին ու դռան,
Ուր ե՛ռ է գալիս այս ներկա օրում
Ընչասեր արյուն, ախտեր անարժան...
Սա էլ Շահազիզն է — հայ բանաստեղծը, որ միանգամայն արժանի է իր ընկեր քննադատին։
Սակայն արդյոք իրականացած չէ՞ Շահազիզի բաղձանքը։ Չէ՞ որ այդ «նախագահ վանքի զավթին ու դռան» կանգնած է արդեն այդ դժբախտ ակադեմիան։ Բայց վերացե՞լ են «ընչասեր արյունն ու ախտերն անարժան»։ Այո, կարծես թե իրականացել է Շահազիզի բաղձանքը, բայց միևնույն ժամանակ մի՞թե մեր օրերի հայ ազգային ինտելիգենցիան նույն իդեալներով չի օրորում իրան։ Մի զարմանալի թյուրիմացություն է սա։
Շահազիզի այդ տողերից դեռ ավելի առաջ է դրված Պատկանյանի «Քահանա» ոտանավորը, նվիրված իր քահանա հորը, ուր նա ոչ միայն որդիական սիրո և հարգանքի մի տուրք է տալիս իր ծնողին, այլև իդեալական մի պատկեր է ուրվագծում։ Իսկ դրանից գրեթե մի քառորդ դար անց նա երգիծական ոճով գրում է՝