«անաչառ» ու «սառնարյուն» լինել դեպի այդ «անցյալը»: Ես պատկանում եմ ներկային, և այն ամենը, որ պահպանում է իր ազդցությունը ներկայի վրա, այն ամենը, որ մասամբ պայմանավորում է և գալիքը (քանի որ, ինչ անվան տակ էլ լինի, նա կա ներկայում), բնականաբար չի կարող «անաչառ», այսինքն անտարբեր վերաբերմունքի առարկա լինել ներկայում ապրող, մտածող և զգացող մարդու համար։ Ես ավելի կասեմ՝ պատմագրերն էլ «անաչառ» չեն, և իհարկե դա նորություն չէ — դա հայտնի է ամեն մի ինտելիգենտի։
Թվում է, որ հնարավոր է և շատ կարևոր մի ընդհանուր հայացք նետելու մեր մերձավոր անցյալի վրա. մի շատ անհրաժեշտ ու հրամայական պահանջ պետք է լինի դա ներկա սերնդի համար, որ, ըստ իս, կանգնած է նոր ճանապարհների, նոր հորիզոնների առջև։ Ով անտարբեր չէ դեպի մեր ներկա և մանավանդ ապագա մտավոր-հոգեկան կացությունը, դեպի մեր ապագա գրականությունը, դեպի մեր գալիք ստեղծագործ ուղին — չի կարող այդ հաշվետվությունից խուսափել, չի կարող դրա մոտով անցնել առանց այս կամ այն վերաբերմունքը ցույց տալու, այս կամ այն եզրակացության գալու։
Մեր գրականությունը սկզբից մինչև մեր օրերը գավառական, կիսա-գյուղական գրականություն է եղել — չնայած այն հանգամանքին, որ նրա ծագումը եղել է մեծ քաղաքներում՝ կուլտուրական կենտրոններում։
Ահա դրա համար է, որ ես պնդում եմ, որ ռուսական և եվրոպական ազդեցությունը համեմատաբար շատ ավելի քիչ է եղել, քան կարելի էր սպասել, քան ցանկալի էր։
Իմ խոսքն, իհարկե, ոչ միայն արտաքին ձևական ազդեցությանն է վերաբերում, այլ գլխավորապես ներքին կողմին։ Այդ ներքին ազդեցությունն է ահա, որ դժբախտաբար շատ թույլ է եղել, թեպետ եղել է։ Եվ այդ թուլությամբ բացատրվում է մեր լեզվի զարգացման դանդաղ ընթացքը։
Որքան դանդաղ է ընթացել կյանքի եվրոպականացումը, այնքան դանդաղ ընթացել է և լեզվի եվրոպականացումը թե ներքին, թե արտաքին կողմով։
Եթե մի րոպե մտաբերենք այն սոսկալի հալածանքը, որ հարուցել էր մեր կղերը նոր, աշխարհիկ լեզվի դեմ, եթե մի րոպե մեր