Տեսնո՞ւմ եք, ես էլ, չնայած իմ խառը գործերին ու մտքերին, անձնատուր եմ լինում հույզերին: Բայց ավելին. ես երբեմն (գուցե լավ չեմ տեսնում) տխրությամբ մտածում եմ՝
|
[Ցիտում եմ «Գեղարվեստ»-ի վերջին համարում տպված իմ բանաստեղծությունից]։
Այդպե՛ս, սիրելի Նուարդ, ես մտածում եմ երբեմն։ Արտիկը Մոսկվայում ասում էր, որ գուցե Եվան Ֆադեյիչը գա այս կողմերը, իսկ այստեղ Պաոլոյից նամակ ստացա, ուր գրում է, թե Իվան Ֆադեյիչը պիտի գա կայսեր ներկայանալու։ Ուզում էի գրել Ձեզ, որ աշխատեք ամեն կերպ նրա հետ գալ մեր կողմերը։ Արդյոք հնարավո՞ր չէ դա։
Լսեցի, որ «Մշակ»-ում գրածս առաջին հոդվածը Ձեզ դուր չի եկել—շատ ցավեցի այդ բանի համար (որ Ձեզ դուր չի եկել), թեև, իհարկե, Դուք իրավացի եք, ես ինքս էլ գիտեի այդ և չէի ուզում ղրկել, բայց ստիպվեցի ղրկել։ Առհասարակ պիտի գրեմ «Մշակ»-ում, թեև ոչ առանձին ցանկությամբ (լրագրական աշխատողի ձիրք չեմ էլ զգում մեջս), այլ մասամբ ստիպված, թեև շտապում եմ նախազգուշացնել մի անգամ ընդմիշտ, որ իմ խղճի կամ համոզումների հակառակ չեմ գնա երբեք և ոչ մի նկատումով (որքան և ստիպողական լինեն պայմանները) չեմ գրի երբեք և ոչ մի խոսք։ Լրագրում գրելու դեմ չեմ, այլ հաճախ չէի կամենա գրել և այդ օրինակ թեմաների վրա — ահա ինչ եմ ուզում ասել։ Ինչևէ խնդրեմ հասկանաք այս խառն ու մութ նախադասությունից մի բան։
Հա՛, չմոռանամ — Ձեր նամակը (ամառանոցից գրած) ես ստացել եմ և չեմ պատասխանել, որովհետև պատերազմ սկսվեց, և ես ենթադրեցի, որ Դուք գնացած կլինեք ու նամակս Ձեզ չի հասնի, իսկ ես չէի կամենա (և առհասարակ էլ), որ նամակս ուրիշի ձեռքն ընկնի—ուստի հաստատ հասցե տվեք, որ աներկյուղ գրեմ — լավ չե՞մ ասում։
Այժմ սկսվեց Թուրքիայի պատերազմը, և ես ավելի ևս բարդ դրության մեջ եմ։ Դժվարանում եմ գրել Ձեզ իմ մտածումների և զգացումների մասին — շատ ու շատ երկար կլինի։ Առայժմ թողնում եմ