Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ո՞չ։ Ինքնավստահություն չհամարեք, եթե ասեմ, որ ինձ կարող եք վստահել, եթե անգամ Ձեզ թվում է, թե մենք «բոլորովին օտար ենք»։ Այս ասելով, չեմ ուզում Ձեզ անկեղծության մղել, միայն ուզում եմ, որ երբ (եթե) մղում ունենաք դեպի այդ, դեպի ինձ, հանգիստ մոտենաք և չվախենաք։ Կարծում եմ, որ կկարողանամ Ձեզ հասկանալ։ Ես գիտեմ, որ մարդու հոգին ավելի ամոթխած է նրա մարմնից, և այն, ինչ Դուք ծածկամտություն եք կոչել, ես կուզենայի հոգու ամոթխածություն կոչել։ Իայց երբեմն մենք ուզում ենք մերկացնել մեր մարմինը, այդպես էլ հոգին է երբեմն ուզում մերկանալ։ Բայց ոչ թե մի քանիսի մեջ, այլ երկուսով: Ահա սոսկ այդ պատճառով ես չեմ սիրում, որ իմ նամակները կարդան երրորդ անձինք, թեկուզ և մտերիմ ու լավ։ Չէ՞ որ մարդիկ երկուսով միշտ ավելի մոտիկ են, մտերիմ, անկեղծ, քան երբ երեքով են, անկախ հարաբերություններից։ Եվ մարդ ավելի խորն է ու «իսկական», երբ նա մենակ է երկուսով որևէ մեկ հետ, որի առաջ չի երկնչում մերկացնել իրեն, մերկացնել հոգու մեջ ամենախավար ու ծուռտիկ կողմերը (ինչպես իմ ոտքերը կամ ձեռքերը)։

Ահա այդ ամենն իմանալով, կարծում եմ, որ Դուք կարող եք ամեն ինչ ասել ինձ առանց վախի, ինչպես ինքներդ ձեր առաջ։ Ես ինքս սիրում եմ, որ ոչ ոք չիմանա, թե ինչ եմ ասում, ինչ եմ ցույց տալիս որևէ մեկին միայնության մեջ, դրա համար էլ ինձ վստահված «հոգու գաղտնիքը» երբեք ոչ մի պարագայում չի դառնում որևէ մեկի, նույնիսկ ամենամոտ մարդու սեփականությունը։ Ահա դրա համար էլ Զեզ ասում եմ, որ երբ մղում ունենաք դեպի ինձ, եկեք և մի վախեցեք։ Պատահել է, որ կանայք իմ առաջ մերկացրել են իրենց մարմինը։ Արդյոք կարո՞ղ էի ես չհասկանալ դա։ Իսկ առավել ևս հոգին։ Չէ՞ որ նա ավելի ամոթխած է, քան մարմինը, նույնիսկ ամենաամոթխած կնոջ մարմինը։ Ահա թե ինչու ես ինքս զգուշությամբ պահպանում եմ հոգիս ու սիրտս։ Կարո՞ղ եմ այլ կերպ վարվել ուրիշի հոգու և սրտի հետ։ Ի դեպ, այն, որ բարևս չեք հաղորդել ձերոնց, ես կանխատեսել էի, դրա համար էլ վերապահություն էի արել, որ եթե ուզում եք մի հաղորդեք։ Իզուր էիք կարծում, որ վատ է, եթե չասեիք նաև այն մասին, որ գրում եք ինձ։ Դա ձեր և իմ մասնավոր գործն է որի հետ ոչ ոք գործ պիտի։ չունենա։ Հիմա ես սարսափելի զբաղ