Էի տալիս, բայց երբ նորից ու լավ կարդացի` հավանեցի և առանձնապես հանձնարարեցի Գորկիին, որը, կարդալով իմ բառացի թարգմանությունը, շատ հավանեց: Վախենում եմ այս բանը Բունինը լավ չկարողանա թարգմանել, թեև առհասարակ Բունինը լավ է և Իվան Ֆադեյիչին նա կարծեմ ամենից լավ կթարգմանե ռուս պոետներից—նա էլ էպիկ է (թարգմանել է, և շատ լավ, «Հայավաթի երգը», որը և Իվան Ֆադեյիչն է թարգմանել,— հիշո՞ւմ եք, տպվեց «Հորիզոն»-ում)։
4․ «Տրտմության սաղմոսներից» 1-ը՝ «Աստված»․․․ և այլն։ Սա էլ ռուսերեն լավ է հնչում և շատ բնորոշ է մեր գրականության և կյանքի և նույն իսկ Իվան Ֆադեյիչի համար։ Եթե լավ թարգմանվի—սա ազդեցություն կգործե անշուշտ և զորեղ ազդեցություն։
5․ «Վայրէջք»։ Այս օրերս կթարգմանեմ բառացի և կուղարկեմ Բունինին։
6․ «Հայոց վիշտը» (սա էլ դեռ չեմ ղրկել, նախորդի հետ կուղարկեմ)։
7․ «Աղթամար» (գուցե սա դնենք Բալմոնտի թարգմանությամբ—նա լավ է, այնպես չէ՞)։
Հավանորեն կլինի և «Գիքոր»-ը։ Ինչպես տեսնում եք, աշխատել եմ Իվան Ֆադեյիչից ընտրել բնորոշ գրվածներ (որքան ես հասկանում), այսինքն նրա 1) էպոսից, 2) լիրիկայից, ա) անձական, բ) ազգային, 3) պրոզայից։ Ուզում էի տալ «Սասունցի Դավիթը»-ը, բայց և շատ մեծ էր, և հետո, պետք է ասեմ, որ Մոսկվայում ևս մի ժողովածու է հրատարակվում և այնտեղ (Պաոլոն այնտեղ աշխատում է խմբագրության մեջ) որոշել են տալ «Սասունցի Դավիթ»-ը— նրանք ավելի շատ բան կարող են տալ, քանզի միայն պոեզիան պիտի հրատարակեն, իսկ «մեր» ժողովածուն (այսինքն Գորկիի) պիտի նվիրված լինի և՛ պրոզային,պոեզիային, և հետո ծավալը չի ուզում (Գորկին) շատ մեծացնի որպեսզի գինը մատչելի լինի լայն խավերին։ Մի ժողովածու պիտի հրատարակեն Գորկին (իր խմբագրությամբ և նորից ես տի կազմեմ)՝ նվիրված տաճկահայ գրականության։ Իսկ հետո պիտի հրատարակե մի շարք գրքեր «Հայկական գրադարան» վերնաագրի տակ, ուր պիտի մտնեն թարգմանություններ մեր գիտնակների առանձին գործերի, առանձին վեպեր և այլն։