Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու հանգիստ նստենք տեղերս։ Եթե պատասխանդ դրական լինի - մենք մտադիր ենք իսկույն թուղթ գնել և խոսել տպարանի հետ ու անմիջապես գործի անցնել։ Նյութերը կամ քեզ կուղարկենք ծանոթանալու և կարծիքդ հայտնելու, կամ, եթե գալու եղար—այստեղ մի ժողով կանենք ու կվճռենք։ Դա հեշտ է և խոչընդոտ լի հանդիսանա։ Պաոլոն գրեթե բոլորովին ազատ է և գործի տեխնիկ մասը կարող է վարել—ուստի բանը մնում է փողին, որի համար վճիռդ կայացրու և հրատապ հաղորդիր։

Կան խոստումներ—եթե իրականացան՝ ավելի լավ—ավելի փող կունենանք, բայց նախ պետք է «մայա» ունենալ և այդ «մայան» պիտի քո խոստացած գումարը լինի։

Մեր Ժողովածուն տպագրվում է և շուտով պատրաստ կլինի։ Ժողովածուն կազմելու է 26—27 տպագրական թերթ մեծ դիրքով։ Իմ կարծիքով վատ չի լինի Ժողովածուն—ասենք շուտով կտեսնես ինքդ։ Ձերի մասին էլ լսել եմ, որ տպվում է— հաջողությո՛ւն։ Մերը երևի ավելի շուտ լույս կտեսնի, բայց միմյանց չեն խանգարի — դարդ մի անի։

Կովկասում շատ բան տեսա ու լսեցի, բայց պատմվիլ չի նամակով։ Լավ չէ։ Ցինիզմը համատարած է և ավազակությունն ու արկածախնդրությունը կատարյալ... վա՜յ հայ ազգին, որ նրա գործերի վարողները այդ թշվառներն ու ժուլիկներն են... Մեծ սխալ է, որ Ստ. Գրիգորիչը չի գնացել Կովկաս. այժմ էլ դա ահագին նշանակություն կունենար եթե նա գնար, թեև այնտեղ այնպիսի ապականված մթնոլորտ է, որ գուցե և նա ոչինչ չկարողանա անել ու փախչի որպես մի Ղովտ...

Գրիր ուրեմն։ Ողջ լեր։

Բարևներով քո Վահան

Հասցես հինն է՝ Пет. Ст., Б. проспект, д. 20, кв. 10

Ստ. Գրիգորիչին խնդրեմ հարցրու՝ եթե նա կարևոր է համարում՝ ես գրեմ նրան զեկուցում, ասենք հարկավոր չէ, ես կգրեմ նրան։