Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրավունքը ապագայի նկատմամբ։ Թող բարձր լինի այդ գիտակցությունը և հաստատ, վասնզի նրանք, որ հաչում են, նրանք էլ գիտեն և զգում են դա (արդյոք դրանից չէ՞, որ այդպես կատաղի է նրանց հաչոցը)։ Բայց ախր դարերից ի վեր այս աշխարհի բոլոր շները հաչում են բարձր Լուսնի վրա, իսկ նա «բարձրագնաց»[1] (վեհապանծ) իր համար հանդարտ ընթանում է երկնային ճանապարհով, կատարելով իր պարզ ու ճակատագրական դերը:


142. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

1916, 26 մայիսի, Պետրոգրադ

Սիրելի Կարեն

Խնդրում եմ նամակս ստանալուդ պես փոխադրես իմ «ավանց»-ի երկրորդ մասը, որը պիտի վերցնեի այստեղ եղածդ ժամանակ, բայց ժամանակ չեղավ, մինչդեռ այդ փողն արդեն «սմետա»-ի մեջ է մտած և շատ հարկավոր է։ Այդ մեկ։

Երկրորդ՝ խնդրեմ զանգես Պրյուսին և ներողույթ խնդրես իմ կողմանե, վասն զի մի հիմար թյուրիմացության պատճառով չկարողացա գնալ ու տեսնել նրանց (թյուրիմացությունը այն էր, որ ևս 370-ի փոխարեն հեռախոսով տեղեկանում էի «Սելեկտ» հյուրանոցի ծառայից 270-ի բնակիչների մասին, և դրանից ծագեց մի ահագին պատմություն, որ երկար կլինի պատմել). վերջին րոպեին գնացի կայարան Սուսաննայի հետ, բայց գնացքը նոր էր հեռացել և այդպես «ոչ աղի խմեալ» («НЕСОЛОНО ХЛЕБАВШИ») եկանք տուն։ Բացատրիր այս և ասա ինձնից չնեղանան. ես շատ ցավում եմ, որ այդպես եղավ: Առհասարակ Պրյուսի այստեղ գալը անհաջող եղավ, շնորհիվ տեղիս կանանց հիմարության — շատ ափսոս ։

Հա', Կարեն, ես ասացի, որ ձեր «կոմեդային» 50 օրինակ էլ ուղարկեն մեր ժողովածուից — կարծում եմ կծախվի, այնպես չէ՞։ Ի՞նչ հալի է «Պովեզիան Հայաստանի» — շա՞տ է ուշանալու, թե շուտ լույս կտեսնի։

  1. «Բարձրագնաց» գրված է հայերեն։