վատաբանելը։ Միայն չար կամքը կարող է թելադրել այդ անմաքուր և անբարեխիղճ նամակը։ Բայց բավ է նրա մասին։
Սիրելի Նվարդ, այսօր ժամանակ չունեցա գնալու և գնելու Աննայի պոեզները—վաղը կուղարկեմ: Այսօր զբաղված եմ Ահարոնյանին պատասխան կազմելով և այս րոպեիս պիտի գնամ «Летопись»-ի խմբագրատուն այդ գործով։
Իվան Ֆադեյիչին ջերմ ողջույններ իմ կողմանե և դու ընդունիր ամենաջերմ... ողջույնս։
Հա՛, թուղթը, որի մասին գրել էիր, չեմ ստացել—երևի посылка-ով է ղրկված, դրա համար է ուշացել։ Եթե ոչ՝ կորել է։
149. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Սիրելի Կարեն
Նամակդ ստացա և ուրախությամբ կարդացի, վասնզի գլխի ես ընկել բանն ինչ է և հիստերիկայի նպատակն ինչ է։ Երբ արտաքին չար ուժերը հախուռն հարձակվում են մեր երիտասարդ խմբի վրա, կարծեմ այն ժամանակ ավելի պարզ է լինում, թե ինչ բաներ մեզ պիտի միացնեն և ինչ պիտի բաժանեն հներից։ Կուզեի, որ մեր անջատ ապրելը առիթ չլիներ այդ բանը մոռանալու և չհասկանալու իրար։ Ահարոնյանին պատասխան կտանք—պատրաստել եմ, բայց ուզում եմ դեռ համաձայնության գալ («Парус»-ի հետ և Գորկուն տեղեկացնել (նա այստեղ չէ, Ղրիմ է) կամ կսպասենք, որ նրանից պատասխան գա, հետո կուղարկենք, կամ նրան կուղարկենք մեր պատասխանն էլ, Ահարոնյանի նամակն էլ։ Տեսնենք: Պատասխանը կազմեցի բավական կոռեկտ։ Ինչևէ, կկարդաս, կտեսնես։
Պաոլոն ինձ էլ գրել էր Թիֆլիսից, որ գնում է Վան և թղթի մասին