Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

196. Ս. ՏԵՐՅԱՆԻՆ

<1918, 26 հունվարի, Պետրոգրադ>

Թանկագին մանկիկ[1]

Երեկ վերադարձա Բրեստից։ Հասկանալի է չնայած այն բանին, որ սարսափելի զբաղված եմ, ամբողջ ժամանակ իմ բոլոր մտքերը ակամա դառնում էին քեզ և իմ Լյասկային։ Մինչև Պիտեր գալս չէի կարող մի լուր ստանալ ձեր մասին, թեև հեռագրել էի և Բորյանին, և Ֆիլիպին. բանից դուրս է գալիս նրանք պատասխանել են հենց այն ժամանակ, երբ ես մեկնել եմ այստեղից։ Այստեղ ստացա քո հեռագիրը Գրյազիից և անսահմանորեն ուրախ եմ, որ ամեն ինչ բարեհաջող է: Տա Աստված, որ հետագայում էլ ամեն ինչ լավ ընթանա։ Պինդ կաց, սիրելիս, շատ եմ խնդրում քեզ, մի վհատվիր ու թևաթափ մի լինի, տա Աստված ամեն բան դեպի լավը գնա։ Ինչպիսի անսահման երջանկություն կլինի եթե գամ (առաջին իսկ հնարավորության դեպքում իհարկե կգամ) և ձեզ տեսնեմ ուրախ և առողջ։ Ուրեմն պահպանիր քեզ ու Լյասկային, մանկիկս, և խելոք եղիր։ Գրիր ու հեռագրիր որքան կարելի է հաճախ—հասկացիր, որ ինձ համար անտանելի ծանր է, երբ լուրեր չկան, այդ երբեք մի մոռացիր: Այստեղ ամեն ինչ բարեհաջող է։ Ես եկել եմ երկու օրով նյութերի համարի և վաղը երեկոյան, այսինքն հունվարի 27-ին, նորից կմեկնեմ Բրեստ։ Այսօր ավանսով վերցրի ռոճիկս և Զորյանին վճարեցի վերցված փողը։ Մոտս մնում էր ևս 100 ռուբլու չափ և էլի պլյուս 50 ռ., որը չէի ստացել անցյալ ամիս։ Կարծում եմ, որ այդ փողերով յոլա կգնամ մինչև հաջորդ ամիս... Քո անունով 100 ռուբլու ծանուցագիր է եկել։ Այդ փողը կուղարկեմ Թիֆլիս և կարծում եմ, որ յոլա կգնաս մինչև իմ հաջորդ ստանալիքը, թեև թող դա քեզ չկաշկանդի և եթե կարիք լինի, հեռագրիր առանց քաշվելու, և ես քեզ կուղարկեմ (ես կկարողանամ ճարել, դա դժվար չէ)։ Այնպես որ քեզ մի նեղիր և մտածիր միայն քո և Լյասկայի մասին, գլխավորը՝ քո մասին, քանի որ դա Լյասկային օգնելու լավագույն միջոցն է։ Նաշոն և մերոնք, իհարկե, քեզ ամեն ինչում կօգնեն։ Ուրեմն խելոք եղիր, մանկիկս։

  1. Նամակը գրված է ռուսերեն։