Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին։ Ի՞նչպես ես, ինչպես են գործերդ, ի՞նչ ես անում, ի՞նչ մտադրություններ ունես և այլն։ Գուցե նեղացե՞լ ևս ինձնից նամակ չգրելուս համար... Այնպես եմ ծուլացել, որ ոչ ոքին մարդավարի նամակ չեմ կարող գրել, նույնիսկ իմ գործերի մասին մի երկտող գրելու ծուլանում եմ։ Ահա այդ պատճառով քեզ էլ չեմ գրել այսքան ժամանակ, թեև ասելիքներ ունեմ։ Բայց այս րոպեիս էլ ուզում եմ գրել, բայց հավաս չկա իսկի գրելու — եթե տեսնվեինք,ժամերով խոսելու բան կգտնվեր, իսկ գրել չեմ կարողանում։ Ամառս գրեթե ոչինչ չկարողացա անել բացի «Բերտա Գարլան»-ի թարգմանությունը, որը նույնպես անհավաս եմ կատարել։ Ինքս էլ չեմ հասկանում ի՞նչ է պատահել ինձ։ Այժմ զբաղված եմ զինվորագրության հարցով։ Պետք է բժշկական քննության ենթարկվեմ—տեսնենք դրանից մի բան պիտի դուրս գա՞, թե՞ ոչ։ Ինչպե՞ս է քո զինվորագրության հարցը։

Ի՞նչ է անում Վարյան, ձեր փոքրիկ աղջիկը։

Գրիր, սիրելի Ցոլակ, մի սպասիր անպատճառ իմ նամակներին — գուցե եթե դու գրես, ես էլ տրամադրվեմ ու գրեմ ավելի մարդավարի նամակ։ Ամսի 22—23-ին կգնամ Մոսկվա։ Գրիր տեսնենք ո՞ւր ես, ի՞նչ ես անում, ի՞նչպես ես։ Թե՞ դու էլ իմ օրին ես — չի՞ գրվում։

Սուսաննան բարևում է քեզ, Վարյային և դստրիկիդ։

Իմ բարևը ձերոնց բոլորին։

Քո Վահան

Գրի՛ր, մի՛ ծուլանա։ Այժմ նույնիսկ հաստատ չգիտեմ ո՞ւր ես դու։

34. Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ

1912, 12 օգոստոսի, Ստավրոպոլ

Հարգելի Արմենուհի

Մոսկվայից հեռանալիս Ձեզ գրել էի, սակայն մինչ այժմ ոչ մի լուր չունեմ Ձեզանից։ «Առակս ի՞նչ ցուցանե»։ Ի՞նչ է պատահել Ձեզ։ Միայն երեք բան կարելի է ենթադրել՝ 1) որ հիվանդ եք (բայց