չեմ կարծում, որ այսքան ժամանակ հիվանդ լինեիք և այնպիսի հիվանդ, որ չկարողանայիք մի երկտողով լուր տալ Ձեր բարեկամին), 2) որ սիրահարված եք և այնքան թունդ, որ ամեն ինչ մոռացել եք, ուրեմն և ինձ (բայց ես կարծում եմ, որ դարձյալ կարող էիք գրել — թեև ո՞վ գիտե...), 3) որ ինձ բոլորովին մոռացել եք և չեք էլ ուզում հիշել (դա արդեն ամենից վատն է, դրա համար գրում եմ այս նամակը և հիշեցնում Ձեզ, որ այս «վար անցած Ստավրոպոլում» ապրում է Ձեր բարեկամը, որի անունը Վահան է և դեպի որը Դուք առաջ ավելի ջերմ ու բարեկամաբար էիք վերաբերվում, այնպես չէ՞...)։
Ես վաղուց այստեղից փախած կլինեի, եթե զինվորագրության հարցը չլիներ (այստեղ ինձ պիտի բժշկական քննության ենթարկեն, և ես հույս ունեմ, որ ազատվիմ, թեև ո՞վ գիտե ինչ կլինի։ Նորերս ինձ առաջարկեցին Լազարյան ճեմարանում ուսուցչության պաշտոն (թեև ոչ պաշտոնապես)։ Հարցը բաց է մնում դեռևս։ Վերը հիշածս զինվորագրության խնդիրը խանգարեց ինձ Կովկաս գալու, թեև շատ էի ցանկանում։ Այստեղ ես ամեն ինչից կտրված եմ և նույնիսկ հայերեն թերթեր չեմ տեսնում։ Ինչ կա, ինչ չկա։ Շուտով լույս կտեսնի մեր «Պանթեոն»-ի հրատարակությամբ Շնիցլերի Երկերի I հատորը, որ տպվում է Մոսկվայում։ Ե՞րբ պիտի Ձեզ տեսնենք Մոսկվայում։ Ինչ լավ կանեիք, եթե վեր կենայիք ու գայիք։ Մոսկվա կգնամ ամսի 23-24-ին, այնպես որ, քանի այստեղ եմ, կուզեի Ձեզանից մի լուր ստանալ, գոնե եթե մի լավ ու երկար նամակ չեք կարող գրել։ Նորերս նամակ ստացա Ավոյից, որ Վիեննա է գնացել։ Մի քիչ այս հոգսերից ազատվեինք մենք էլ գնայինք տեսնեինք այդ Արևմուտքը։ Ինչպե՞ս եք կարծում Դուք, լավ կլիներ, այնպես չէ՞։
Ամառս գրեթե ոչինչ չեմ արել, բացի մի թարգմանությունից Շնիցլերից — «Պանթեոն»-ի համար, ի՞նչ եք անում Դուք, ինչպե՞ս եք — գրեցեք։
Ողջ եղեք։ Սեղմում եմ Ձեր ձեռքը։
Ставрополь губернский, Центральная гостиница
Вагану Терьян