Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա պատասխանի տոնը զգացնել է տալիս վարդապետին, որ ինքն ավելի լավ գիտե այդ, քան նա: Պրոֆեսորն ուշի-ուշով նայում է վարդապետին, որը, թվում է պրոֆ. Մելիք-Անդրեասյանին, աղավաղված մի նախադասություն է, որից չի կարելի որևէ իմաստ դուրս բերել, ամենաշատը՝ մի ծամածռված անճոռնի բովանդակություն։

Բայց հայր սուրբը սիրալիր է։ Մոտենում է նա ոսկեհուռ և ադամանդակուռ մի տուփի, խաչ հանում, բաց անում և ասում.

— Սա այն գեղարդն է, որով ծակեցին Քրիստոսի կողը:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լուռ է, անշարժ, նրա կողքին կեցող մի ծերունի հավատացյալ դողում է վարդապետի հայտարարությունից, նրա հոգին սարսուռ է զգում, իսկ պրոֆեսորը մտածում է. «Ո՞ր սաղիմացի վաճառականն արդյոք բերել է երկաթի այդ կտորը և մեծ գնով ծախել հայոց Մայր Աթոռին, բայց այդ վաճառականը մի անգամ է խաբել, իսկ Էջմիածնի վանականները դարեր խաբել են միամիտ ժողովրդին»։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դուրս եկավ գանձարանից և մտավ եկեղեցու ներսը: Մի ուրիշ վարդապետ մկրտություն է անում: Ավազանի ջուրը կեղտոտ է, բայց չի կարելի փոխել – սուրբ է։ Զանագան հիվանդություններ ունեցող մանուկներին կոխում են միևնույն ջրի մեջ, վարակում են իրար։ Մկրտող վարդապետը, ծուլությունից հոգնած, մի երգ է թափում միրուքից վար, սրբում է երեխաներին սկզբնական մեղքից, այն առաջին մեղքից, որ այրում է կենդանական և բուսական ողջ օրգանական աշխարհը:

Պրոֆեսորն ուշի-ուշով դիտում է հին արվեստագետների գործերը` խորանի աոաջամասի մարմարների վրա նկարված առաքյալներն ու սուրբերը, որոնք ամեն տարի օճառով լվացվում են, բայց նկարներն ավելի և ավելի են պայծառանում։ Հիանում է պրոֆեսորը ներկերի այդ տեխնիկայով, հիանում է այն արվեստագետներով, որոնք իրենց հանճարը մաշեցին միջնադարյան հոգու խորշակալից անապատում:

Պրոֆեսորը դուրս եկավ եկեղեցուց:

Մի ծերուկ գյուղացի, արցունքն աչքերին, խաչակնքում է ինչ-որ հայրապետի գերեզմանի առաջ: Դողդոջուն ձեռքեր