ունի այդ գյուղացին, արևից այրած և ակոսված դաժան ճակատ, երեսի խորշոմները, խոր կնճիռները պատմում են արարատյան հողի խուժդուժ պատմությունը, տապը նրան տոչորել է, կծկել, չորացրել և խանձել:
Պրոֆեսորը մոտենում է նրան:
— Քեզ հող տվե՞լ են,— հարցնում է նա։
— Տվել են:
— Ի՞նչ ես անում այստեղ, ինչո՞ւ ես վանք եկել:
— Եկել եմ աղոթելու, որ հողս բերք տա։
Պրոֆեսորը նրան համոզում է, որ աղոթելով հողը բերք չի տա, պիտի լսել միայն գյուղատնտեսական հրահանգչին։
— Է՜հ, փուճ է:
— Ի՞նչը:
— Բոլորը:
Գյուղացին ձեռքը թափ է տալիս ու անցնում:
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մտնում է Ղազարապատ։
Կլոր դարավոր ծառի տակ նստած է մի կին` լուռ։ Պատի տակին մի հավ` թևերը ձգած մինչև գետին։
Անսահման ողբ և լռություն։
Անկյունի սանդուղքներից վար է իջնում մի եպիսկոպոս, ձեռին մի հարթուկ: Նայում է եպիսկոպոսը պրոֆեսորին — կարծես, ուրիշ աշխարհից է դիտում նա:
— Լճում ջուր կա՞,— հարցնում է պրոֆեսորը ծառի տակի կնոջը։
— Շոգ է,— պատասխանում է կինը և երեսը շուռ տալիս։
Այո, չպիտի խոսել: Վիթխարի հնոցը վառված է, հրդեհված է Արարատյան դաշտը: Այդ բովանդակ մթնոլորտում մենակ լուսավոր կետը Արարատի գագաթի ձյունն է, որ հեռվից հեռու զովության պատրանք է տալիս։
Պրոֆեսորը նայում է շուրջը, ոչ մի կետ այդ վանքում այնքան համապարփակ ողբերգական չէ, որքան Ղազարապատը։ Կարծես դարեր չի ավլվել, չի մաքրվել այդ վայրը, ինչ որ քամին է բերել և ինչ որ քամին է տարել, այդպես էլ մնացել է, անխնամ, անծաղիկ, ինչպես վանականի հոգին։ Այդ վայրը մինչև անգամ զուրկ է քրիստոնեական միստիցիզմից։ Հողե պատերը քայքայվում են, հետզհետե հավասարվում