Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— ?

— Տղաս կոմսոմոլիստ է այժմ, ճի՞շտ է:

— Այո, ճիշտ է։

— Ապա դու չամաչեցի՞ր, որ նրան թույլ տվիր, նրան՝ իմ որդուն, դառնալու կոմսոմոլիստ։

— Ոչ:

— …

— Ոչ միայն թույլ եմ տվել, այլև քաջալերել եմ:

— Քաջալերե՞լ ես։

— Այո, քաջալերել եմ, որպեսզի քեզանից ավելի բարձր մարդ դառնա հասարակության համար, դառնա ավելի պետքական, ավելի բարոյական, ավելի պատվավոր։

— Ինչ լավ կլիներ, մենք իրար չտեսնեինք։

— Ո՛չ, ավելի լավ չէր լինի, ես չեմ սիրում պատրանքը, եթե մենք իրար չտեսնեինք, ես պիտի շարունակեի կարծել, որ իմ եղբայրը մի պատվավոր մարդ է:

— Միքայե՛լ:

— Որտեղի՞ց իմացար, որ ես բանտարկված եմ, հարցաքննված ամեն երեք օրը մի անգամ։

— Մենք ստույգ տեղեկություններ ունենք այդ մասին: Քեզ բանտարկել են իմ կնոջ և որդու համար:

— Ստում ես դու, այդպիսի տեղեկություն չի կարող լինել, դու ինքդ ես սարքել, որպեսզի երևաս մարտիրոս։

— Միքայել, դու ինձ անպատվում ես։

— Դու ես քեզ անպատվում, խեղճ մարդ։

Էմիգրանտը լռեց։ Նրա հոգու դռանը բախվեց մի ուժգին ձայն. «Ճիշտ է եղբայրդ, այդ սուտը դու ես հնարել»։

— Նու՛, մոռանանք այս բոլորը։ Ես կարծում եմ, որ այստեղ ապրելն ավելի լավ է, քան Փարիզում, խորհուրդ կտայի այստեղ ապրել,— ասաց էմիգրանտը։

— Ոչ։

— Փարիզում դժվար կլինի տնտեսապես։

— Տնտեսապես և ամեն բանով, մանավանդ բարոյապես, ավելի լավ կլինի ապրել Երևանում:

— Պիտի վերադառնա՞ս,— ապշահար հարցրեց եղբայրը։

— Այո՛:

— Նու՛, ասենք իմ սխալը դու չես գործի, թողնել կնոջ…