Քայլեց նա առաջ, մտավ մի փողոցից մյուսը և երբ հանկարծ նրան թվաց, որ նավը ճեղքում է նորից կապույտ ծովը դեպի Խորհուրդների երկիրը` փարատվեց նրա տխրությունը, աստղերը թափվեցին նրա սրտի վրա, և շվեյցարական անսահման խաղաղ և կապույտ գիշերը երգեց նրա հոգում:
Աոավոտյան նա մեկնեց Փարիզ:
Անցավ մի ամիս։
Անցավ լուռ, տանջալից երազներով և մտորումներով:
Մի առավոտ նա որոշեց այլևս չգնալ պրոֆ. Ֆրանսուա դը Մոնեի մոտ: Նրանք վերջին անգամ բաժանվել էին իրարից ձևական քաղաքավարությամբ, թերևս հարկավոր էր գեթ մի անգամ ևս այցելել նրան և ասել, որ այլևս չի գալու, բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը որոշեց չկրել քաղաքավարության տանջանքը և վերջ տալ իր այցելություններին։ Նրան այլևս անհանդուրժելի էր դառնում ֆրանսիացի պրոֆեսորի գոռոզությունը, որ բխում էր այն խոր համոզմունքից, թե ֆրանսիացին ընտրված ժողովուրդ է։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի ինտերնացիոնալ զգացումներին նա պատասխանել էր հեգնանքով և լպիրշ թերահավատությամբ, իսկ Խորհուրդների երկրի նոր աշխարհ կառուցելու խնդրին, որը պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դրել էր պրոֆ. դը Մոնեի աոաջ, թունավոր ծաղրով էր վերաբերվել։
Պրոֆ. Ֆրանսուա դը Մոնեն Արևմտյան Եվրոպայի պատմության հայտնի մասնագետ էր։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը