Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր պես մի մեծանձն պաշտոնյայի համար. աշխատեց հեգնող ժպիտ կազմել դեմքի վրա, նայեց Զեբին, ապա Սարհոնին դարձավ և ասաց.

— Հը՛… Մեծ Խորհրդի հրամա՛նը.. մի՞թե չես ուզում գալ։

— Գնա՛նք,— պատասխանեց գայլը ոտքի ելնելով,— ամեն գայլ պարտավոր է հպատակվել իր դրած օրենքներին… Առա՛ջ ընկիր…

Կարմիրն առաջ անցավ, քայլեց մինչև դուռը, ապա կանգ առավ, դարձավ և ասաց.

— Գիտե՞ս ինչ, Սարհոն եղբայր, գործից երևում է, որ Օձուկին էլ հարկավոր է հետներս վերցնել, ի՞նչ հարկավոր է ինձ նեղություն տալ նորից գալու։

— Օձո՞ւկ,— գունատվեց Սարհոնը, —ո՞վ է այդ։

Կարմիրը գլխով մանուկին ցույց տվավ։

— Ի՜նչ,— բացականչեց Զեբը.— Խորհուրդը գիտե՞ նրա մասին։

Կարմիրը պատկառանք ազդող կերպարանք կազմեց և գլուխը ցցելով ասաց.

— Սարհոն եղբայր և դու, տիկի՛ն, մի անգամ ընդմիշտ պիտի գիտենալ, որ Մեծ Խորհրդից ծածուկ ոչինչ չի մնում։

Ապա թողնելով խոսելու այդ ձևը, ավելացրեց.

— Դեհ, կանչիր Օձուկին, և գնանք։

— Վա՞յ ձեր գլխին,— ոռնաց Զեբը առաջ գալով,— կորսվիր դու էլ ու Մեծ խորհուրդդ էլ…

— Տիկի՛ն…— մռնչաց բարկությամբ Խորհրդի ներկայացուցիչը,— Սարհոն եղբա՛յր, կնոջդ լռեցրու և գործված անարգանքը դադարեցրու… հանուն օրինաց…

— Շո՛ւտ, դուրս կորիր, քսու,— որոտաց նրա վրա գայլուհին և մոտ վազեց։

Կարմիրը, որ ետ–ետ էր քաշվել, դուրս ցատկեց։ Առյուծի լեղի՞ էր կերել, որ մի կնոջից չվախենար։

— Աստված իմ, տիկին,– ասաց նա,– ինչո՞ւ ես բարկանում, ես իմ պաշտոնս եմ կատարում։

— Կորիր… էլ ստվերդ թող չերևա այստեղ։

— Գնանք, եղբա՛յր, գնա՛նք,— գոչեց Կարմիրը Սարհոնին և շտապով առաջ ոստնեց։

Ու երկու գայլերը շուտով անհետացան մթության մեջ։